Ադրբեջանական գերությունից վերադարձած ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի մոտ լուրջ առողջական (հոգեկան) հիվանդություններ են հայտնաբերվել:
ArmLur.am-ն Անդրանիկ Գրիգորյանի քրոջ ամուսնուց` Արմեն Հարությունյանից տեղեկացավ, որ Անդրանիկն այս պահին գտնվում է Ստեփանակերտի հոգեբուժարանում` ծայրահեղ ծանր վիճակում: Պարզեցինք, որ նախկինում էլ Անդրանիկն ունեցել է առողջական խնդիրներ:
Մեր զրուցակցի խոսքով` Անդրանիկը բազմիցս խնդրել է իր հրամանատարներին իրեն տեղափոխելու համար, սակայն ոչ-ոք ուշադրություն չի դարձրել: Կարճատև նոպաների ժամանակ դիրքերից իջեցրել են բուժկետ, մի քանի օր անց դարձյալ բարձրացրել են դիրքեր:
«Եթե նորմալ խնամք իրականացվի բժիշկների կողմից հնարավոր է Անդրանիկի վիճակը թեթևանար», – ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Անդրանիկի հայրը` Արարատ Գրիգորյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքը տեղի էր ունեցել 2015թ. մարտի 22-ին` ժամը 13:50-ի սահմաններում: Պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը, զենք-զինամթերքը թողնելով մարտական դիրքում, անցել էր առաջնային գիծը և հայտնվել հակառակորդի կողմում: Այդ ժամանակ ադրբեջանական կողմը կեղծ տեսանյութ էր պատրաստել, որում երևում էր՝ իբր Անդրանիկ Գրիգորյանը նրանց խնդրում է ընդունել իրենց շարքերը:
Հայրենադարձվելուց հետո Անդրանիկը հարազատներին պատմել է, որ ինքը երբեք ցանկություն չի ունեցել հակառակորդի կողմ գնալ կամ լքել դիրքերը:
Լիդա Եղիազարյան