Հյուսիսային համալսարանում այսօր տեղի է ունեցել “Հյուսիսային համալսարանի դիմակայությունը 21-րդ դարի մարտահրավերներին” խորագրով գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ ապրիլյան պատերազմի ընթացքում Արցախում զոհված զինծառայողների:
Ողջունելով նիստի մասնակիցներին` նախարարը նշել է, որ 20 տարվա պատմությունը բուհի համար բավական լուրջ այցեքարտ է: “Հյուսիսային համալսարանը կայացած բուհ է, որն ապրում է իր կյանքով, ունի քաղաքացիական ակտիվություն: Համալսարանը մեկն է այն բուհերից, որն ակտիվորեն մասնակցել է նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ես վստահորեն կարող եմ ասել, որ բուհում ձևավորվել է հայրենասիրության դրական մթնոլորտ”,-նշել է նախարարը` անդրադառնալով մեր երկրում բարձրագույն կրթության հիմնախնդիրներին: “Ներկա տեղեկատվական դարաշրջանում գիտելիքի 80 տոկոսն ուսանողն ինքն է ստեղծում, դասախոսներն ընդամենն օգնում են դասավորել գիտելիքը:
Ներկայումս եթե ուսանողն ու դասախոսն ամեն օր չաշխատեն իրենց վրա, նրանք դուրս կմնան ժամանակակից գործընթացներից: Դրա համար պետք է փորձենք արմատապես վերարաժևորել կրթական համակարգը, որ կարողանանք մեր երկրում լուրջ խնդիրներ լուծել”,-նշել է նախարարը` ընդգծելով, որ օրենքի առջև հավասար են բոլոր համալսարանները` պետական և ոչ պետական, և բուհական համակարգի ձևաչափը հիմնախդրի մեջ է` մի դեպքում պետությունը հանդես է գալիս որպես հիմնադիր և այդ դեպքում նրանք շահույթ չեն հետապնդում, իսկ մասնավոր համալսարանների մեծ մասը ՍՊԸ-ներ են և շահույթի նպատակ ունեն: “Հիմա պետք է փորձենք օրենքով մի քիչ ավելի կատարելագործել այդ ձևաչափը` վերականգնելով ինստիտուտ, համալսարան հասկացողությունները և հնարավորություն տանք, որ բուհն ինքը, անկախ իր սեփականության ձևից, կարողանա ընտրել` ինքը շահույթի նպատակ պետք է հետապնդի՞, թե՞ ոչ: Այդ ձևաչափի վրա հիմա մենք աշխատում ենք “Բարձրագույն կրթության մասին” ՀՀ օրենքի շրջանակներում”,-նշել է նախարարը` բոլոր բուհերին կոչ անելով ակտիվ մասնակցել օրենքի քննարկումներին: Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ առաջիկայում պետք է հասնել նրան, որ իրարից տարանջատվեն միասնական քննությունները, մրցույթն ու պետպատվերով հատկացվող անվճար տեղերը: Ըստ նախարարի` այն, որ այս ամենը մի տեղում է կենտրոնացված, հանգեցնում է անհավասարության: “Պետք է կարողանանք հասնել նրան, որ դիմորդը ԳԹԿ-ում հանձնի քննություն` առանց նշելու, թե որ բուհ է պատրաստվում դիմել, հետո դիմի մեկ այլ հաստատություն` անվճարի համար իր փաստաթղթերը վերցնելու, և այս դեպքում մենք պետք է առաջնայնությունը տանք սոցիալապես անապահով խմբերին: Այս ամենից հետո միայն, ունենալով երկու փաստաթղթերը, դիմորդն ազատ կլինի դիմել որևէ բուհ, որը հետո կհայտարարի իր ընդունելության շեմը: Նման ձևաչափով կազմակերպելով ընդունելությունը` համակարգում երկու խնդիր կլուծվի` սոցիալական արդարության և պետական ու մասնավոր բուհերի միջև առկա` պետպատվերով տեղերի հետ կապված խոսակցությունների վերացման: Բացի այդ, անհրաժեշտ է ընդլայնել համալսարանական ինքնակառավարումը”,- նշել է նախարարը:
Բուհի ռեկտոր Բորիս Մակիչյանն էլ հերթին նշել է, որ բուհն իր առաքելությունն ունի, և իրենց համար առաջին հերթին կարևոր է լավ քաղաքացի դաստիարակելը: “Ապրիլյան ծանր օրերին մենք մեր ուսանողների հետ կամավորական խումբ էին ձևավորել` 100 հոգուց կազմված, սակայն, բարեբախտաբար, պատերազմն ավարտվեց, և մեր կարիքը չեղավ, սակայն մենք կազմ ու պատրաստ ենք: Ի դեպ, ասեմ նաև, որ այդ օրերին զոհված զինծառայողների ընտանիքների անդամները մեզ մոտ անվճար սովորելու հնարավորություն ունեն, նրանց նաև հանրակացարանով կապահովենք”,- նշել է ռեկտորը:
Նիստի ընթացքում հնչել են նաև այլ ելույթներ, ինչպես նաև ներկայացվել են համալսարանի հիմնադրման 20-ամյակի միջոցառումների ընթացքը և առաջիկա անելիքները: Նշենք, որ հեբելյանական միջոցառումների ընթացքում տեղի կունենա երկու գիտաժողով: