Իշխանական «կազմակերպիչները» մտահոգված են, որ 2017-ին շունը տիրոջը չի ճանաչելու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկա ԱԺ ընտրությունները՝ 2017-ին, նոր Սահմանադրության եւ նոր Ընտրական օրենսգրքի պարագայում իսկական «անկտրել ձմերուկ» են լինելու եւ բազում անակնկալներ են մատուցելու բոլորիս։ Անգամ անկախության տարիների բոլոր ընտրություններին ակտիվ դերակատարում ունեցած եւ զեղծարարությունների մեջ «շնացած» հանձնաժողովականները մոլորված են։ Նրանք չգիտեն, թե ինչ է սպասվում իրենց, եւ ինչպես են իշխանության համար ձայն ապահովելու։ Ոչ ոք իրականում չի պատկերացնում, թե ինչ է նշանակում ռեյտինգային ընտրություն, ինչով է դա տարբերվում մեծամասնական ընտրակարգից, ինչպես են յուրաքանչյուր ընտրատարածքում մրցելու մոտ 100 թեկնածու, եւ, ամենակարեւորը՝ ինչպես են մրցակցելու սեփական թիմակիցների հետ։

Չգիտեն՝ ինչ է նշանակում էլեկտրոնային գրացման համակարգ, ինչպես են 10 մատով գրանցվելու, եւ այդ դեպքում զեղծարարությունների ինչ մեթոդներ են կիրառելի։ Մի խոսքով, ընտրությունների իշխանական «կազմակերպիչները» տարակուսած են եւ կարծում են, որ 2017-ին իսկական «Սոդոմ-Գոմոր» է լինելու, եւ շունը տիրոջը չի ճանաչելու։ Իհարկե, փողի ու ճնշումների հին արսենալը կօգտագործվի, բայց արդյոք դա կաշխատի՞, եւ արդյունքում կկարողանա՞ն Հանրապետականին եւ նրա օլիգարխիկ հատվածին նորից անցկացնել խորհրդարան։ Նրանք, ում վրա ավանդաբար դրվել է որոշակի «թիվ», եւ այդ թվերը չապահովելու համար կիրառվել են սանկցիաներ, մեղմ ասած, խուճապի մեջ են ու նահանջի ուղիներ են փնտրում։ Մի կողմից՝ իշխանության հանդեպ տոտալ անվստահությունն ու դժգոհությունը, մյուս կողմից՝ սեփական վարկանիշի հաշվին կուսակցության «ձրիակերների» իբր էլիտար, իրականում ընտրազանգված չունեցող խավին իրենց ուսերին խորհրդարան տանելու հոգսը զայրացրել է «ձայն բերողներին»։ Հեղափոխություն է հասունանում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս