«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ՝ Հադրութի զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ եղած զինծառայող Սուրեն Մոսիյանի դին երեկ հանձնեցին ծնողներին: 19-ամյա Սուրենը, որը մահացել էր մայիսի 29-ին, ժամը 22։00-ի սահմաններում, հարազատների պատմելով՝ սրտխառնոց էր ունեցել, փսխել էր մի քանի անգամ, ու թեեւ զորամասում համապատասխան բուժօգնություն էր ցուցաբերվել, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել՝ Սուրենը մահացել էր սրտի ինֆարկտից: Մայրը՝ տիկին Անժելան, պատմում է, որ որդու մահվանից մի քանի ժամ առաջ՝ ժամը 18։00-ի կողմերը, Սուրենը զանգել է, հարցրել իր ու ընտանիքի մյուս անդամների որպիսությունը եւ ոչ մի ակնարկ անգամ չի արել իր վատ զգալու կամ վատառողջ լինելու մասին: Խոստացել է կրկին զանգել, սակայն մի քանի ժամ անց հանկարծամահ է եղել:
Ծառայակից ընկերներից մեկն էլ ասաց, թե Սուրենը ծառայության մեկ տարվա ընթացքում երբեւէ չի բողոքել սրտից, ճիշտ է՝ առողջական խնդիրներ ունեցել է, սակայն դրանք մրսելու հետ կապված են եղել: «Իսկ այդ օրն ասաց, թե վատ է զգում, բժիշկ կանչեցինք, եկավ, դեղ տվեց, կապելնիցան միացրեց, հետո տարան հոսպիտալ: Իսկ մի քիչ անց ասեցին, որ հոսպիտալի ճանապարհին մահացել է»,-պատմեց Սուրենի ընկերը: Իսկ զոհված զինծառայողի հարեւանուհին՝ Նաթելլան, ահա թե ինչ էր պատմում: «Երեկ, երբ ՊՆ-ից զանգեցին ու հայտնեցին մահվան լուրը, կանչեցին Երեւանի «Պլանի գլխի» հիվանդանոց՝ դիակը ճանաչելու: Հավանաբար, հրամանատարական կազմից էին այդ մարդիկ, որոնք ասում էին, թե Սուրենին, երբ վատացել է, տարել են հոսպիտալ, ու չգիտես ինչու՝ նշում էին, որ 6 անգամ են տարել: Սուրենը, իրենց պատմելով, մինչեւ մահն ասել է, թե օդը չի հերիքում, վատ է զգում, սիրտը խառնել է, հետ է տվել: Բժիշկ են կանչել, «Վալիդոլ» են տվել, չի օգնել, ու մինչեւ հասցրել են բուժկետ՝ մահացել է»:
Տիկին Անժելան ասում է, որ որդին ողնաշարի հետ կապված խնդիր է ունեցել ու անչափ նիհար է եղել: «Երբ պիտի զորակոչվեր բանակ, զինկոմիսարիատում նայել, ասել են, թե շատ նիհար ես, քաշդ չի հերիքում, համ էլ ողնաշարի խնդիր ունես, քեզ երեւի բանակ չտանենք, դու պիտանի չես ծառայության համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: