1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման մասին օրենքը, որը կարող է ընդունվել գերմանական Բունդեսթագում, լուրջ վնաս կհասցնի Անկարայի և Բեռլինի միջև տնտեսական, քաղաքական և ռազմական կապերին: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նշենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը կարող է ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը:
Էրդողանի խոսքով՝ այդ հարցը նա քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: «Կարծում եմ, որ այդ հարցը կկարգավորվի: Դեռևս որոշում չի ընդունվել»,-The Hürriyet Daily News-ը մեջբերում է Էրդողանի խոսքը:
Ընդ որում, գերմանացի որոշ խորհրդարանականներ բողոքել են, որ վերջին շրջանում բանաձևի ընդունման հետ կապված էլեկտրոնային փոստով սպառնալիքներ և վիրավորանքներ են ստանում, հայտնում է Spiegel Online-ը: