Խաղողի բերքն առաջիկա տարիներին քիչ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արմավիրի մարզում կարկտահարությունների հետևանքների վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կատարած աշխատանքները հսկայական են: Սեպտեմբերի 17-ին թեմայի շուրջ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին նշեց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Իբրև կարևորագույն քայլ նախարարը նշեց գյուղացիական տնտեսություններին սերմերի տրամադրումը՝ կրկնացան կատարելու համար. տնտեսություններին տրամադրվեցին 87 մլն դրամի՝ 24 տոննայից ավելի սերմեր 3800 հա տարածքի համար, մոտ 207 մլն դրամի չափով հողի հարկից ազատվեցին, 650 մլն դրամի՝ ջրի վարձից, տրամադրվեց 100 տոննա անվճար դիզելային վառելանյութ: 
“Վարկերի հետաձգումը կատարվեց բոլոր բանկերի միջոցով. նրանք ըմբռնումով մոտեցան այդ հարցին, դրանք հետաձգվեցին գյուղացիների ցանկությամբ, վարկերը ձևակերպվեցին հայկական դրամով, սուբսիդավորվեցին, ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն ունեցող տնտեսություններին լրացուցիչ վարկեր տրամադրվեցին: Սոցիալապես անապահով մոտ 1600 ընտանիքներին 50 հազար դրամի միանվագ օգնություն հատկացվեց: Սա հսկայածավալ աշխատանք է, որը մինչև այսօր շարունակվում է”,- ասաց նա։ 
Նախարարը տեղեկացրեց, որ պիտի տեղադրվեն լրացուցիչ 50 հակակարկտային կայաններ, եղածներից 38-ը, որոնք կենտրոնացված կարգով չեն կառավարվում, այսինքն՝ ԱԻ նախարարության կողմից, լրացուցիչ ֆինանսական ծախսերի միջոցով կվերազինվեն՝ մեկ կենտրոնից կառավարելու համար:
Կարկտահարությունից հետո Արմավիրի մարզին օժանդակել են նաև Կարմիր խաչը, Մայր աթոռը: Կարապետյանը նշեց, որ այս ամենին զուգահեռ կատարվում են մթերման աշխատանքներ: Նրա խոսքով՝ այս տարի ծիրանի ծավալները մեծ էին, անգամ կարկտահարության հասցրած վնասների պարագայում: Մեծ աշխատանք են կատարել նաև մթերող ձեռնարկությունները, որոնց շնորհիվ ամբողջ հումքը մթերվել է, և կորուստներ չեն եղել, գրանցվել են առանձին խնդիրներ՝ հերթերի կուտակման, ուշացումների հետ կապված: Խաղողի բերքահավաքը մարզում սկսվել է արդեն: Կարապետյանի փոխանցմամբ՝ բոլոր մթերող կազմակերպությունների կողմից այս տարի պահանջարկը մեծ է՝ մոտ 170 000 տոննայի չափով: Երեք խոշոր գործարաններ հայտարարել են, որ անսահմանափակ քանակով խաղող են մթերել: Մարզում ամենից մեծ վնասներ են կրել խաղողի այգիները, որոնց վերականգնման համար մեկ-երկու տարի կպահանջվի, այսինքն՝ առաջիկա մեկ-երկու տարում խաղողի բերքը պակաս կլինի: Գյուղնախարարը տեղեկացրեց, որ ապահովագրական ընկերությունները պատրաստ են գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալել: Սա նախարարը կարևորում է՝ հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական դիրքը: 
“Կարկտահարության վտանգը մեր հանրապետությունում միշտ կա, ես չեմ ասում, որ հենց վաղն այս համակարգը պիտի դրվի, սակայն լուրջ աշխատանքներ են կատարվում այն ներդնելու համար: Մենք ապահովագրության դաշտում կարող ենք ընդգրկել գյուղտեխնիկայի, անասնապահության ոլորտները”,- ասաց նա:




Լրահոս