Կիմ Բալայանը` Սամվել Բաբայանի վերադարձի և իր պարտքի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն գրել էինք՝ մայիսի 11-ին Հայաստան է վերադարձել ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նա այս օրերին բավականին ակտիվ խոսում է ապրիլյան պատերազմի, թույլ տված սխալների մասին եւ նշում, թե ինչ քայլեր են հարկավոր՝ ադրբեջանական հետագա ագրեսիան զսպելու համար:

Բայց գեներալ լեյտենանտը չի խոսում իր պարտքերի մասին: Այսօր ամենակարեւոր հարցը, որը, թերեւս, բոլորին հետաքրքրում է, այն է՝ եթե Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան, արդյոք նշանակում է, որ տարիներ առաջ այստեղ կուտակած նրա պարտքերը մարվել են: Գրել էինք, որ Բաբայանի պարտքերի մի մասը նաեւ բանկերին է եղել: Մասնավորապես, ըստ լուրերի՝ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի, ՀՀ ՍԴ անդամ Կիմ Բալայանի բնակարանները Սամվել Բաբայանը գրավադրել էր բանկերում ու գումար վերցրել` չկարողանալով մարել այն, եւ ըստ նույն լուրերի՝ Սերժ Սարգսյանն իր միջոցներով մարել է տվել պարտքերը, որպեսզի նախկին քաղաքապետին ու ՍԴ անդամին բանկը տանից դուրս չհանի, եւ աղմուկ բարձրանա:

Իսկ ինչու էր Բաբայանը այդ պարտքը վերցրել վերոնշյալ պաշտոնյաներից: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին էր պատկանում «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ն: Ժամանակին այս ընկերությանն էր պատկանում Հայաստան շինափայտ ներկրելու մենաշնորհը: Այդ արտոնությունը Բաբայանին էր տրվել դեռեւս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին: «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ն Հայաստան էր ներկրում նաեւ մեծ քանակությամբ պարարտանյութ՝ սիլիտրա: Տարիներ առաջ մեծ գործարք իրականացնելու համար Բաբայանը մեծ քանակությամբ անշարժ գույք էր գրավ դրել: Բաբայանի՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող տունը, Կասկադի վերջում գտնվող անավարտ առանձնատունը, զոքանչի տունը, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հայրական տունը, Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի տունը եւ էլի մի քանի տներ նա գրավադրել էր բանկերում եւ պարտքերը մարել չկարողանալու եւ քաղաքական խմորումների պատճառով գեներալը ստիպված եղավ լքել Հայաստանը:

Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ ՍԴ անդամ Կիմ Բալայանից փորձեց հետաքրքրվել, թե ինչպես Սերժ Սարգսյանը մարեց Սամվել Բաբայանի պարտքը, եւ իր բնակարանը գրավից հանեց: Ի պատասխան՝ Կիմ Բալայանն ասաց. «Պարտքի մասին ո՞վ է խոսել»:

-Պարո՛ն Բալայան, մամուլը մի քանի տարի շարունակ գրեց, բարձրաձայնեց, որ Սամվել Բաբայանը Ձեզ պարտք է եղել:

-Մամուլը կարող է ամեն մի հիմարություն գրել:

-Մի՞թե Ձեզ պատկանող բնակարանը գրավ դրված չի եղել Սամվել Բաբայանի կողմից:

-Ես նման բան չեմ կարող պնդել, նման բան չի եղել: Ես ասացի, մի անգամ արդեն մեկնաբանել էի` հիմարությունները չեմ մեկնաբանում: Գնացեք իմ բնակարանը, գտնվում է Գուլակյան փողոցի վրա, երբեւիցե գրավի տակ եղե՞լ է, թե՞ ոչ, ապացուցվող փաստ է:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս