Հայաստանում գրեթե բոլոր պաշտոնյաները դրամական միջոցներով միմյանց չեն զիջում, անգամ պաշտոնական տեղեկություններում իրենց ունեցվածքի մի մասը հաճախ դժվար է լինում թաքցնել:
Այս անգամ ուշադրություն հրավիրենք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանի վրա, ում անուն-ազգանունը Ազգային ժողովում բացառիկ դեպքերում է հնչում: 2011 թվականից լինելով խորհրդարանում՝ այս պատգամավորը գրեթե հանդես չի եկել որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ: Բայց այս ամենն իրեն չի խանգարել, որ այս տարիների ընթացքում բավականին մեծ կարողություն կուտակել:
Նկատենք, որ անցյալ տարիներին Մուշեղ Պետոյանը իր ունեցվածքների մեջ հայտարարագրել էր նաեւ անշարժ գույք` հողամաս եւ մարդատար ավտոմեքենաներ: Նույն այդ փաստաթղթից պարզ է դառնում, որ 2015-ին նրա դրամական միջոցները եղել են 96 մլն ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում հասել է 106 մլն դրամի: Պատգամավորը, որպես եկամուտ, հայտարարագրել է իր պատգամավորական աշխատավարձը` 6 մլն 252,890 հազար դրամ: Բացի դրանից՝ նա ունի շահաբաժին, որը կազմում է 34 մլն 272,890 հազար դրամ: Իսկ իրեն պատկանող անշարժ գույքի մասին որեւէ տեղեկություն վերջին հայտարարագրում նշված չէ, իսկ թե ինչ եղան հողամասն ու մեքենաները, առեղծված է մնում. գուցե վաճառել կամ նվիրել է ուրիշի:
Իսկ ով է Մուշեղ Պետոյանը: Քառասուներկուամյա պատգամավորը ծնվել է Արթիկ քաղաքում, ավարտել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը, որից հետո ագրարային համալսարանը: «Հրաչյա Աճառյան» համալսարանում սովորելու տարիներին՝ 1991-1993-ին, աշխատել է նաեւ «Արթիկտուֆ» միավորումում որպես որակի հսկիչ: Ավելին՝ անգամ հասցրել է 1993-1994-ին բանակում ծառայել: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Պետոյանը չորս տարի սովորել է առկա բաժնում (համալսարանը հեռակա բաժին չի ունեցել) եւ այդ ընթացքում աշխատել ու ծառայել է բանակում:
Բացի այս՝ նա երրորդ կուրսում հասցրել է ծառայության անցնել Արթիկի ՆԳ բաժանմունքում որպես ՃՊԾ ավագ տեսուչ՝ ստանալով ոստիկանության լեյտենանտի կոչում եւ ծառայելով 13 տարի: Իսկ «Արթիկտուֆ» ՓԲԸ-ում էլ ավագ տեսուչի պաշտոնը փոխարինել է գլխավոր ճարտարագետի, ապա փոխտնօրենի պաշտոններով: 2007-ին Պետոյանը հիմնադրել է «Մուշ-Կոլ» ՍՊԸ-ն, որի սեփականատերն է մինչեւ օրս:
Այս ամենից բացի՝ տեղեկություններ կան նաեւ, որ Պետոյանը բիզնես գործունեություն է ծավալում նաեւ Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում:
Այսպիսով՝ նման խիստ աշխատանքային գրաֆիկ ունեցող Պետոյանը 2008 թվականին համալրել է ԲՀԿ շարքերը՝ որպես քաղխորհրդի անդամ, իսկ 2011-ից մինչեւ 2015 թվականի փետրվարը դարձել ԲՀԿ խմբակցության անդամ:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ