Դիվանագիտական կորպուսում հատուկ է տեղ է գրավում հումորը: Այս թեմային կայքն առանձին կանդրադառնա “Մարդկային հաղորդակցության գաղտնիքները” բաժնում: Ասենք միայն` արևմտյան բանակցային ավանդություններում հումորը հաճախ խաղում է փրկարար օղակի դեր` լարված մթնոլորտը մեղմելու, դիվանագետների միջև պրոֆեսիոնալ հարաբերությունները պահելու համար:
Բոլորովին այլ է պատկերը Չինաստանում կամ չինացիների հետ: Միանշանակ խորհուրդ է տրվում այստեղ խուսափել ամեն տեսակի կատակներից, անեկդոտներից, սուր արտահայտություններից:
Ասել, որ չինական իրականությունում բացակայում է հումորը, կլիներ պարզունակ մոտեցում նման հարուստ և բազմադարյան մշակույթի նկատմամբ: Այստեղ անեկդոտը, խրատալի պատմությունը և սուր խոսքն ունեն պատմական բնույթ, վերաբերում են անցյալի անվանի գործիչներին:
Այնպես որ հարկ է զգուշանալ դրանք “տեղափոխել” ներկա ժամանակներ և ոչ մի դեպքում չկատակել քաղաքական գործիչների հասցեին` լինի չինական, թե օտարերկրացի:
Մեր կայքի այցելուները հավանաբար հիշում են “Մարդկային հաղորդակցության գաղտնիքներումե անհատի ինտիմ, անձնական, պաշտոնական և սոցիալական տարածքի կամ զոնայի մասին մեր հոդվածները: Այնտեղ ասվում էր, որ արևմտյան և ամերիկյան մշակույթներում այդ տարածքն անհամեմատ մեծ է, քան արևելյան ու ասիական ժողովուրդների մեջ:
Չինացիների պաշտոնական զոնան անհամեմատ փոքր է` մինչև 15 սմ, որը եվրոպացու ինտիմ տարածքն է: Եվ երբ չինացին ընդհուպ մոտենում է նրան ու շնչում երեսին և հետն էլ համառորեն խոսում, ամենևին չպետք է կարծել, որ կատարվածն ագրեսիայի արտահայտություն է: Չինական մշակույթը ենթադրում է շատ մոտ շփում, և բնազդաբար հետ ընկրկելը նա կարող է մեկնաբանել որպես հաղորդակցությունից խուսափելու ցանկություն:
Իսկ եթե դուք ձեր հերթին “մտնեք չինացու քիթը”, միայն կօգնի նրա հետ արագ և հաջող “լեզու գտնելուն”:
Չինացիների մոտիկից շփվելու սովորույթից ելնելով` կարելի է կարծել, որ հաղորդակցությանը կօգնի նաև նրանց դիպչելը կամ թեթևակի հպվելը (տակտիլ կոնտակտ), որը մեծապես նպաստում է այլազգերի անհատների շփմանը: Սակայն այստեղ գոյություն ունի միանգամայն հակառակ երևույթը: Այնպես որ չինացիների հետ հաղորդակցվելիս, չկատակելուն զուգընթաց, երբեք չի կարելի թփթփացել ուսին, բարևելիս ափը պահել ափի մեջ, բռնել ձեռքը, դիպչել արմուկին կամ ծնկին:Դա կարող է դիտվել որպես ծայրաստիճան անկրթություն, անգամ վիրավորանք:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
diplomat .am