Երրորդ թեկնածուն աշխարհում բարիք է, Հայաստանում` չարիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները շարունակում են լինել ոչ միայն այդ երկրի, այլեւ ողջ աշխարհի քաղաքական քննարկումների ամենակարեւոր առանցքներից մեկը: Թե՛ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը, թե՛ hանրապետական Դոնալդ Թրամփը չեն վայելում բոլոր կուսակցականների վստահությունը` ստիպելով ըմբոստներին ակտիվ քայլերի դիմել: ԱՄՆ պատմության մեջ խիստ հազվադեպ հանդիպող երեւույթներից մեկը` երրորդ կուսակցության մասնակցությունը նախագահական ընտրություններին, կարծես իրականություն է դառնում:

Առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը 1789թ. նախագահական ընտրությանն առաջադրվել էր իբրեւ անկախ թեկնածու` չպատկանելով որեւէ կուսակցության: Սակայն նրա կառավարման շրջանում էր, որ ԱՄՆ-ի քաղաքական բեմահարթակը սկսեց հստակորեն ուրվագծվել: Սկզբնական շրջանում գաղափարական հոսանքների, իսկ արդեն 19-րդ դարի սկզբներին հստակ ծրագրային ու կազմակերպչական շրջանակների մեջ գործող կուսակցությունների ձեւավորմամբ երկրում փաստացի հաստատվեց երկկուսակցական համակարգ: ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսից սկսած` իշխանությունը մե՛րթ անցնում էր պահպանողականներին, մե՛րթ ազատականներին:

1828թ. հիմնադրվեց Դեմոկրատական կուսակցությունը, իսկ 1854.թ-ին` Հանրապետականը, որից հետո ավանդաբար նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուները ներակայացնում էին երկու կուսակցությունները: Թեպետ ընտրություններին կարող էին մասնակցել նաեւ այլ թեկնածուներ, սակայն բոլոր նահանգներում քվեարկվելու հնարավորություն ունենում էին միայն երկու կուսակցությունների ներկայացուցիչները` պայմանավորված ներքին ռեսուրսների հզորությամբ: Մյուս թեկնածուները կարող էին քվեարկվել առանձին մի քանի նահանգներում, սակայն հասկանալիորեն դա բավարար չէր նախագահ ընտրվելու համար:

Սակայն ինչպես ցանկացած պետությունում, ԱՄՆ-ում եւս օրինաչափությունների կողքին գոյություն ունեն կոնկրետ բացառություններ: ԱՄՆ-ի 240-ամյա պատմության մեջ տեղի են ունեցել ընդամենը երեք ընտրություններ, որոնց մասնակցել են 3 թեկնածուներ: «Երրորդ կուսակցություն» եզրույթը, ըստ այդմ, ոչ այնքան բնորոշում է կոնկրետ մի կուսկացություն, որքան երրորդ ուժեղ թեկնածուի առկայություն, որի շուրջ համախմբվում են ազդեցիկ մարդիկ եւ մարտահրավեր նետում հանրապետական կամ դեմոկրատական թեկնածուներին:

Իսկ, ահա, ընտրություններից հետո այդ «երրորդ կուսկացությունը» չի պահպանում ինստիտուտի կարգավիճակը այնպես, ինչպես ընդունված է Հանրապետական կամ Դեմոկրատական կուսակցությունների պարագայում: «Երրորդ կուսակցության» մասնակցությամբ առաջին ընտրությունն այս երկրում տեղի է ունեցել 1860թ.` չորս հիմնական թեկնածուների միջեւ:

Այս ընտրություններում պառակտումը տեղի էր ունեցել Դեմոկրատական կուսակցության ճամբարում, ինչի շնորհիվ էլ Հանրապետական Աբրահամ Լինքոլնն ընտրվեց ԱՄՆ 16-րդ նախագահ: Դրան հակառակ` 1912թ. պառակտումն ուղեկցեց արդեն հանրապետականներին: Քաղաքականություն վերադարձած նախկին նախագահ Թ. Ռուզվելտը կիսեց իր կուսակցության ձայները` գրեթե ոչ մի շանս չթողնելով այդժամ դեռ գործող նախագահ Թաֆթի համար: Հանրապետականների պառակտման արդյունքում նախագահ դարձավ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Վուդրո Վիլսոնը:

1992թ. ընտրություններում նախագահ Ջ. Բուշի եւ Բ. Քլինթոնի կողքին երրորդ հորիզոնականում հանգրվանեց անկախ թեկնածու եւ գործարար Ռոսս Փերոթը: Վերջինիս հաջողությունը պայմանավորված էր գերազանցապես հանրապետական նախագահի գլխավորած կառավարության բացթողումների եւ դասական իմաստով քաղաքական գործիչների հանդեպ հասարակության անվստահությամբ:

Այդ ընտրություններում, փաստորեն, երրորդ կուսակցությունը խանգարեց հանրապետական Բուշին` ճանապարհ հարթելով Քլինթոնի համար: Ի դեպ, վերջինիս կնոջն այսօր կարծես թե նույնպիսի հաջողություն է բաժին հասնելու:
Մերօրյա հանրապետականներն այդպես էլ չեն կարողանում հաշտվել գործարար Դոնալդ Թրամփի թեկնածության հետ: Անելանելիության զգացումը պահպանողականներին ստիպել է կրկին վերհիիշել «երրորդ կուսակցության» խաղաքարտի մասին: Հանրապետական պահպանողականության հիմնասյուներից մեկը` Ուիլյամ Քրիսթոլը, երեկ հայտարարել է, որ հզոր թիմ եւ իրական հնարավորություններ ունեցող երրորդ անկախ թեկնածուն իրականություն կդառնա:

Ակնհայտ է, որ այդպիսի քայլն առաջին հերթին հարվածելու է Թրամփին: Եթե պահպանողականները չքվեարկեն Թրամփի օգտին եւ ընտրեն երրորդ թեկնածուի, ապա առաջին տեղում կհանգրվանի Հիլարի Քլինթոնը` լիբերալների հսկայական բազայով: Ըստ այդմ, եթե դեմոկրատների ճամբարում միակ թեկնածուն լինի Քլինթոնը, որը պիտի մրցի երկու հանրապետականների հետ, պարզ է, որ հանրապետական էլեկտորատը կիսվելու է` առաջինը դարձնելով նախկին պետքարտուղարին: Թրամփը հեշտությամբ ընկալել է իր դեմ լարվող «դավադրությունը» եւ արդեն իսկ մի շարք հարվածներ հասցրել Քրիսթոլին:

Ըստ գործարարի` Քրիսթոլը պարապ ձախողակ է, որին Հանրապետական կուսակցությունը տուրք տալու իրավունք չունի, եթե իսկապես ցանկանում է նոյեմբերին հաղթանակ տանել: Իրադարձությունների ընթացքը հուշում է, որ Թրամփի հետ ներդաշնակորեն ընտրությունների գնալը կարծես վեր է հանրապետական բոսերի ուժերից, ինչից շահելու է միմիայն Հիլարի Քլինթոնը ճիշտ այնպես, ինչպես նրա ամուսինը` 24 տարի առաջ:

Հայաստանյան նախագահական ընտրություններում երրորդ թեկնածուն, որպես կանոն, լինում է ընդդիմությունից: Գրեթե բոլոր նախագահական ընտրություններում երրորդ տեղում հանգրվանած թեկնածուները վերջնագծում համագործակցել են իշխանությունների հետ` ձայներ խլելով իշխանության ամենաիրական հակառակորդից:

Հետաքրքիր է, որ նույնիսկ Սերժ Սարգսյանն էր 2008թ. ընտրություններից օրեր առաջ համոզված, որ ընդդիմության միավորում չի լինելու, այսինքն` երրորդը համարվող Արթուր Բաղդասարյանը չի միանալու Տեր-Պետրոսյանին: Նրա` «մենք մեր հաճախորդներին լավ ենք ճանաչում» դիպուկ ձեւակերպումը թեւավոր խոսք դարձավ հայաստանյան քաղաքականությունը բնորոշելիս: Այսպիսով՝ եթե ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում երրորդ թեկնածուի առաջադրումը վնասել է իշխանության թեկնածուին` դառնալով առավել մեծ ճնշման ներքո գտնվող թեկնածուի` գործող նախագահի պարտության պատճառ, ապա Հայաստանում դրանից օգտվում է բացառապես իշխանությունը:

Ն. Հովսեփյան




Լրահոս