Նախօրեին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ պաշտպանության նախարարության 2 գնդապետ ու 1 գեներալ է ձերբակալվել: Ինչպես պարզեցինք՝ աղմկահարույց ձերբակալությունը կապված է անորակ ապրանքներ ձեռք բերելու, ուռճացված գներով գնումներ կատարելու, ունեցած իշխանությունը չարաշահելու համար:
Որտեղից սկսվեց ՊՆ-ի շուրջ աղմուկը
«Ժողովուրդ»-ը փետրվարի 18-ին գրել էր, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անցկացնում ՀՀ պաշտպանության նախարարությունում: Վերահսկողականի մասնագետների ուշադրությունը առավելապես կենտրոնացված է պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացի վրա: Տվյալ դեպքում խոսքը ոչ թե ռազմամթերքի, այլ ՀՀ զինված ուժերի կարիքների համար գնման գործընթացի մասին էր: Ավելին՝ բանն յանտեղ էր հասել, որ աղմկահարույց յուրացումներ էին հայտնաբերվել:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` հատկապես հափշտակության դեպքեր էին հայտնաբերվել ՊՆ-ի կողմից հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված ընկերությունների մասով: Եղել էին դեպքեր, որ ՊՆ աշխատակիցները փորձել էին վերահսկողական ծառայության աշխատակիցներին ինչ-ինչ ճանապարհով շահագրգռել՝ այս կամ այն բացահայտման վրա աչք փակելու համար:
«Ժողովուրդ»-ը ստուգումների ու աղմկահարույց բացահայտումների մասին զրուցել էր ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հետ: Վերջինս հաստատել էր ստուգումների փաստը: «Ձեր տեղեկությունները ճիշտ են: Ընդամենը մեկ շաբաթ առաջ ենք մտել պաշտպանության նախարարություն՝ ուսումնասիրություններ կատարելու համար, հիմա ոչինչ ասել հնարավոր չէ, քանի որ դա կլինի բացարձակապես իրականության չհամապատասխանող ինֆորմացիա: Ժամանակ է պահանջվում, առնվազն երկու ամիս՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այնտեղ»,- դեռեւս փետրվարի 18-ին ասել էր այսօր արդեն ՊԵԿ նախագահը:
Այս հրապարակումից հետո պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ փետրվարի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անձամբ այցելել էր Պաշտպանության նախարարություն, որտեղ խոսվել էր գնումների գործընթացի բարելավման մասին: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ «նյութատեխնիկական ապահովման խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, թեեւ դրական տեղաշարժն ակնհայտ է, սակայն, այնուամենայնիվ, կան նաեւ բացթողումներ»:
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ փաստել էր, որ «զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ոլորտում օբյեկտիվություն եւ արդարություն ապահովելու նպատակով պետք է հնարավորինս կենտրոնացնել ջանքերը՝ թույլ չտալով ցանկացած տեսակի չարաշահում եւ հովանավորչություն»: Այս խորհրդակցությունից հետո տեղեկություն տարածվեց, որ ՀՀ գլխավոր դատախազը Սերժ Սարգսյանին պատմել էր ՊՆ-ում կոռուպցիոն դրսեւորումների մասին եւ անձամբ ստանձնել այդ իրավիճակին վերջ դնելու գործընթացի ղեկավարումը: Եւ որպես վերստուգող մարմին՝ գործընթացին «խառնվել» էր նաեւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը:
Ինչո՞ւ կոծկեցին
«Ժողովուրդ» օրաթերթի նշված հրապարակումը հիմք դարձավ, որ 2016 թվականի փետրվարի 22-ին ՀՀ զինվորական դատախազի ցուցումով ՀՀ քննչական կոմիտեում սկսեն նյութեր նախապատրաստել` ՊՆ-ում հնարավոր չարաշահումները քննելու նպատակով. հիմքում՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումն էր: Այս գործով մեր թղթակիցը բացատրություն տվեց:
Սակայն օրեր անց խմբագրությունը ծանուցում ստացավ այն մասին, որ քրեական գործի հարուցումը մերժվել է: Ասել է, թե ՀՀ քննչական կոմիտեն գնումների գործընթացում կոռուպցիոն որեւէ դրսեւորում չէր գտել:
Մինչդեռ տարիներ շարունակ գեներալներն ու գնդապետները անարգել ու անվախ «փայ» են մտել «բանակի» բյուջեին ու գնել այն, ինչ իրենք են ուզում, այն գնով, որ բացառապես իրենց է ձեռնտու` ուշադրություն չդարձնելով որակի վրա: Եւ այդ ամենը` ՀՀ իշխանության ամենաբարձր հովանու ներքո:
«Խոշոր ձկներին» չպատժեցին
Ինչպես երեւում է՝ քառօրյա պատերազմը արագացրեց բանակի հաշվին հարստացողների դեմ սկսված արշավը: Նախ ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանը աշխատանքից հեռացրեց երեք գեներալների` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, ԶՈՒ կապի զորքերի պետ, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին: Բայց նրանցով չսահմանափակվեց ՊՆ-ի աղմկոտ պաշտոնանկությունների եւ ձերբակալությունների շարքը: «Խոշոր ձկներին» հեռացրին աշխատանքից, սակայն քրեական պատասխանատվության չենթարկեցին, իսկ քավության նոխազ դարձան «մանր եւ միջին ձկները»` հայտնվելով ճաղերի հետեւում:
3 ամսվա ընթացքում
Բոլոր այն պաշտոնյաները, որոնք վերջին 3 ամսվա ընթացքում ազատվեցին պաշտոններից, միայն նրանց շարքերից որոշ մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեցին: 2016 թվականի մարտի 21-ին կալանավորվեցին ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով, եւ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը՝ կաշառք ստանալու օժանդակության համար:
Մայիսի 11-ին ձերբակալվեց ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը:
Երեկ էլ մատակարարված անորակ ապրանքներն ընդունելու, որոշ դեպքերում ուռճացված գներով գնումներ կատարելու, իշխանությունը չարաշահելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար ձերբակալվեցին ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը:
Մեղադրանքի հետքերով
Իսկ ի՞նչ է ասել անորակ սնունդ` ուռճացված գներով: Որպեսզի մեր ընթերցողներին հասկանալի լինի, բերենք պատահական մի օրինակ: Դիցուք` ՀՀ ՊՆ-ն հայտարարել է բանակին բրինձ մատակարարելու մրցույթ: Որեւէ ընկերության հետ համաձայնության է եկել, որ, օրինակ, 1 տոննա բրինձի փոխարեն կմատակարարեն 500 կգ բրինձ, սակայն գնման հայտի մեջ կներկայացնեն մատակարարված 1 տոննա բրինձ: Ու քանի որ ՀՀ բյուջեից հատկացված է եղել 1 տոննա բրինձի գումար, մնացած կես տոննայի գումարը կողմերը «մեջ-մեջ» են արել: Չի բացառվում, որ մատակարարող ընկերությունը առաջարկած լինի նաեւ անորակ բրինձ, որը ՊՆ-ին պատրաստ է եղել հանձնել 400 դրամով, բայց ՊՆ համապատասխան պաշտոնյաների շնորհիվ անորակ բրինձը ներկայացվել է 500 դրամով գնված որակյալ բրինձ: Եւ այսպես շարունակ:
Արդար չէ
Իհարկե, որքան էլ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը փորձի կուլիսներում սուր ճոճել, թե պայքարում է ՊՆ-ի կոռուպցիոն դրսեւորումների դեմ, այնուամենայնիվ, բոլորի համար էլ հասկանալի է, որ դատախազին թույլատրվում է «պայքարել» խիստ որոշակի միջավայրում, որն ավարտվում է միայն «մանր ու միջին» տրամաչափի պաշտոնյաների տիրույթում: Ու շատ հաճախ ազատազրկվում են մարդիկ, որոնք միանձնյա չեն գործել կոռուպցիոն բուրգում: Ուստի անարդար է «խոշորներին» շրջանցելով՝ «մանրերին կամ միջիններին որսալը»: Եւ ասել, որ ՀՀ նախկին զինդատախազ, այսօր արդեն ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը չգիտի, թե ձերբակալվածներից ով ինչ կոնկրետ մեղքի բաժին ունի, մեղմ ասած, սխալ է:
Ցուցմունքներից է կախված
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ քննչական մարմնում ձերբակալված պաշտոնյաներին արդեն հասկացրել են, թե իրենց ճակատագիրը կախված է տված ցուցմունքներից: Եթե վերջիններս խոսեն եւ պատմեն ողջ ճշմարտությունը, նկարագրեն կոռուպցիոն սխեմաները, միգուցե չկալանավորվեն: Իսկ եթե ոչ, կալանքն անխուսափելի կլինի:
Ի դեպ, այս ձերբակալությունների ֆոնին դադարեցվել են ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության ներկայիս պետի լիազորությունները:
Քնար Մանուկյան