Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության բացահայտման գործով նրա ընտանիքի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը: Դինքի սպանության հետաքննության շրջանակում պաշտոնյաների դեմ մեղադրական դիմում պատրաստած դատախազությունը մի շարք կասկածյալներին չհետապնդելու մասին որոշում էր կայացրել:

Դրանց թվում են «Էրգենեքոն»­ի դատավարության կասկածյալ, պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը, Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգորը, Ազգային հետախուզական ծառայության նախկին պաշտոնյա Օզել Յըլմազը: Դինքի ընտանիքի փաստաբանները կասկածյալներին չհետապնդելու մասին որոշման դեմ իրենց բողոքն էին ներկայացրել դատարանին, որը, սակայն, մերժվել էր: Արդյունքում, Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան` արդար և անկողմնակալ դատավարության իրավունքի խախտման հիմնավորմամբ:




Լրահոս