Միասեր չեմ, բայց հաճախակի էլ չեմ սիրահարվում. Արսեն Գրիգորյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Դրանց միջոցով ձեզ արդեն ծանոթ դեմքերը կներկայանան նորովի: Հարցվողները կխոսեն իրենց անձնական կյանքից, կկիսվեն իրենց մտահոգություններով, վախերով, ուրախություններով, երբեմն նաեւ` գաղտնիքներով: Այս անգամ մենք զրուցել ենք Երեւանի պետական կամերային թատրոնի արտիստ, «Մոխրաման», «Կյանքը մեկ օրում», «Կորցված եւ գտնված Հայաստանում», «Ալա Բալա Նիցա», «Արտիստը», «Դուռը բաց» եւ այլ ֆիլմերից, այժմ արդեն «Դոմինո» սիթքոմից հայտնի դերասան, մի շարք հիթերով աչքի ընկած երգիչ, հաղորդավար Արսեն Գրիգորյանի հետ:

IMG_3899_ts1323256383

-Արսե՛ն, օրը բացվելուն պես առաջին բանը, որի մասին մտածում եք:

-Երջանկության, որն արդեն ունեմ, բայց առավել մեծը դեռ պետք է գա:

-Անգամ ամենազբաղված պահերին միշտ հասցնում եք…

-Քնել. դա հաստատ անում եմ (ծիծաղում է):

-Երեւույթներ, որոնք կարող են հունից հանել Ձեզ:

-Ինձ ոչ այնքան հունից հանում, որքան հուսահատեցնում է անզգուշությունը մարդկային հարաբերություններում: Ինչ վերաբերում է հունից դուրս գալուն, չէ, ի՞նչ կարիք կա… Գուցե ինձ ինչ-որ բաներ զայրացնեն, բայց դա կարճ է տեւում: Ես շուտ եմ ներում, եւ, կարծում եմ, շուտ էլ մոռանում եմ կատարվածը:

-Երբեմն կարող եք անհանդուրժող լինել…

-Դե, օրինակ` գռեհկության նկատմամբ: Դա կարող է արտաքնապես չերեւալ, բայց ներքուստ դիսկոմֆորտ է ստեղծում:

-Հանգստի` Ձեր նախընտրելի տարբերակը:

-Յուրաքանչյուր տարբերակի համաձայն եմ, միայն թե հանգստանամ (ծիծաղում է): Իհարկե, ինձ համար առավել նախընտրելի է լինել բնության գրկում, կլինի` անտառ, թե ծով: Այդտեղ ես լիարժեք կերպով հանգստանում եմ:

-Մարդկային որակներից ամենագնահատելին համարում եք…

-Բարությունը, ընկերասիրությունը, կենսախինդ լինելը, կյանքը սիրելու հատկությունը:

-Հատկանիշներ, որոնք նկատել եք ցանկացած կնոջ մոտ:

-Անմնացորդ սիրված, գնահատված լինելու ցանկությունը, ուշադրության կենտրոնում լինելու ձգտումը:

-Իսկ որակներ, որ բնորոշ են ցանկացած տղամարդու:

-Կյանքի կարեւորագույն որոշումները կայացնելու միտումը, շարժիչ ուժ լինելը:

arsen4

-Հաճա՞խ եք սիրահարվում:

-Չեմ կարող ասել, թե միասեր եմ, բայց հաճախակի էլ չեմ սիրահարվում: Իսկ, առհասարակ, սիրելու դեպքում շատ նվիրվող տեսակ եմ:

-Սիրո տված վերքերի դեմ Ձեր դարմանը:

-Դա ժամանակն է: Որոշ ժամանակ անց հիշում եմ այն ապրումները, որոնք ունեցել եմ, որոնք ցավ են պատճառել, եւ ասում եմ` ինչ հետաքրքիր է կյանքը. երբեւէ չես ունենում նույն էմոցիաները, որոնք ժամանակին ունեցել ես:

-Միշտ վախեցել եք, որ…

-Իմ վախերը փոփոխական բնույթ են կրում, բայց աստիճանաբար չեզոքանում են: Սիրո մեջ վախ չկա, իսկ ես ապրում եմ սիրո իրականության մեջ:

-Անձնական կյանքում Ձեզ համարում եք…

-Երեւի թե երջանիկ մարդ: Առհասարակ, էմոցիաներով հարուստ անձնական կյանքով եմ ապրում:

-Անգամ ամենահուսահատ պահերին միշտ հիշում եք, որ…

-Աստված սեր է, եւ ես ունեմ այդ անմնացորդ սերը իմ կյանքում:

-Գրական հերոս, որը միշտ հետաքրքրել, հիացրել է Ձեզ:

-Էքզյուպերիի Փոքրիկ իշխանը: Ինձ շատ է դուր գալիս հատկապես Փոքրիկ իշխանի այն հատկությունը, որ նա չի դադարում զարմանալ. դա բավական կարեւոր հատկանիշ է:

13315454_1067584993322566_6852864603267203476_n

-Երազանք, որը եկել է մանկուց:

-«Օսկար» ստանալը: Սա, թերեւս, ոչ այնքան մանկուց, որքան պատանեկությունից եկած երազանք է:

-Վայրկյաններ, որոնք մի ամբողջ կյանք արժեն:

-Հենց այս վայրկյանները: Այսինքն` կյանքի ամեն մի պահը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս