«Վերվարածները», «Բանակում» հեռուստասերիալներից, «Yere-1» հեռուստանախագծից հանրությանը հայտնի, հիմնականում հումորային դերերով աչքի ընկած դերասան Սեպուհ Ապիկյանը վերջին շրջանում էկրաններին չի երեւում: Հեռուստադիտողների մի ստվար զանգված կարոտել է նրա` հարազատ դարձած կերպարներին:
«Ժողովուրդ»-ը դերասանից հետաքրքրվեց` որն է նրա «անհետանալու» պատճառը: Ս. Ապիկյանի խոսքով` մեր երկրում ապրիլյան վերջին պատերազմից հետո արվեստի, հատկապես կինոյի կամ թատրոնի «հավեսն ու ժամանակը չկա»:
Նրա համոզմամբ, շատ հավանական է, որ այս լարված ժամանակահատվածում այն բնույթի նախագծերը (հիմնականում` հումորային-հեղ.), որոնց շրջանակում ինքը հանդես է եկել, քարկոծվեն: Բացի այդ, ըստ նրա՝ նման նախագծերին պետությունը հազիվ թե աջակցի, քանի որ, ինչպես դերասանն է նկատում՝ «всем не до этого»:
Այն հարցին, թե արդյոք նա նոր նախագծերում ընդգրկվելու հրավերներ ստանում է, դերասանը պատասխանեց. «Այսօր պրոֆեսիոնալ դերասանի պահանջարկը խիստ նվազել է, քանի որ Հայաստանի բնակչության 80 տոկոսը «դերասան է»:
Ի՞նչ կարիք կա հրավիրել մասնագետների, եթե կարելի է փողոցից հավաքել սիրողական դերասանների եւ նկարահանել որեւէ դատարկ սերիալ: Ինքս արդեն չեմ ցանկանում լինել այդ «էկրան» կոչվածին, քանի որ շատ քիչ են որակյալ նախագծերը: Եթե ստանամ ինձ հետաքրքրող առաջարկ, միգուցե համաձայնեմ աշխատել: Մեզ մոտ այդ առումով ընտրության լայն հնարավորություն չկա, սակայն գոյություն ունի մասնագիտական եւ, այսպես ասած, մարդկային էթիկա, որին հարկավոր է հետեւել»:
Նա հավելեց, որ առաջարկ է ստացել նկարահանվելու «Շարմ» ընկերության «Հատուկ բաժին» ֆիլմաշարի 2-րդ եթերաշրջանում. «Կարծում եմ` նկարահանումները մեկ ամսից կսկսվեն, եւ ֆիլմաշարը եթեր կհեռարձակվի աշնան սկզբին»,- եզրափակեց դերասանը:
Աննա Բաբաջանյան