ՇՏԵՖԱՆ ՖՅՈՒԼԵԻ ԽՈՍՔԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արեւելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության երրորդ հանդիպման կապակցությամբ այսօր ՀՀ կժամանեն ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանց թվում են՝  ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, կրթության, մշակույթի, բազմալեզվության եւ երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրիուլա Վասիլիուն, եվրոպական արտաքին գործողության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտը: Ոչ պաշտոնական երկխոսությունը ներառում է  Արեւելյան գործընկերության (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) երկրների նախարարներին եւ խոշոր պաշտոնյաներին:
Ոչ պաշտոնական երկխոսության հանդիպումներն Արեւելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի նախապատրաստությունն են, որոնք կկայանան նոյեմբերին Վիլնյուսում: Հանդիպումները տարեկան երկու անգամ են անցկացվում: Նախօրեին ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լսումների ժամանակ հայտարարել էր, որ Եվրոպան կփորձի օգնել Հայաստանին եւ մյուս գործընկերներին ընդունելի պայմաններ գտնել, որպեսզի հնարավոր լինի համատեղել Մաքսային միության հետ համագործակցությունն ու ԵՄ ինտեգրացումը. «Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի մեր գործընկերները կարողանան Եվրոպական միության հետ համագործակցության համատեղ ուղիներ գտնել, որը չի խախտի ԵՄ հետ ասոցացված համաձայնագրի պայմանները: Մենք խրախուսում ենք մեր գործընկերներին՝ խորացնել իրենց կապերը Ռուսաստանի հետ, սակայն ասոցացման պայմանագրով եւ ԽՀԱԱԳ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների հետ համատեղելիության շրջանակում»:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ տարբեր խմբակցությունների անդամներից պարզել, թե ինչ ակնկալիքներ ունեն այդ հանդիպումից:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
-Պարո՛ն Ուրիխանյան, այսօր Երեւան կժամանեն ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նրա վերջին հայտարարությունից հետո, ըստ Ձեզ, ի՞նչ կարելի է սպասել այս հանդիպումից:
-Նախօրեին ես այդ հարցը հնչեցրեցի ԱԺ-ում, որպեսզի պատասխան ստանամ ԱԳ նախարարից, բայց կրկին ճշգրտելու անհրաժեշտություն եղավ, ու այդ ճշգրտումից հետո էլ ինձ համար պատասխանները վերջնական չէին: Կարծում եմ՝ այս այցը վերջնական կտա շատ հարցերի պատասխաններ: Անշուշտ կա ցանկություն, որպեսզի հայտնի հայտարարությունը ազդեցություն չունենա Եվրամիության հետ մեր գործակցության որակի, ծավալների եւ դինամիկայի վրա:
-Տեսակետ կա, որ Մաքսային միությանը միանալու դեպքում ԵՄ-ի հետ համագործակցությունը հնարավոր չէ: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է՝ Եվրոպան «չորով» հրաժարվի ՀՀ-ի հետ համագործակցությունից:
-Ուզում եմ հույս հայտնել, որ ոչ:

ԱԺ փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Պարո՛ն Շարմազանով, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է՝ Շտեֆան Ֆյուլեն հանդիպման ժամանակ վերջնականապես հայտարարի ՀՀ-ի հետ համագործակցության հեռանկարի սպառման մասին:
-Ես ակնկալում եմ, որ կլինի նորմալ, կառուցողական հանդիպում, եւ ես չեմ հավատում, որ վերջակետ է դրվելու, ես բոլոր վերջակետերին դեմ եմ: Ես կարծում եմ, որ պարոն Ֆյուլեի այցից հետո էլ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Եվրոպայի հետ, որովհետեւ դա կլինի թե՛ ի շահ Հայաստանի, թե՛ ի շահ Եվրոպայի եւ, ի վերջո, ի շահ այն բարեփոխումների, որոնք մենք իրականացնում ենք:
-Բայց արդեն հայտարարություն եղել է, որ իրենք հրաժարվում են «ե՛ւ… ե՛ւ»-ի տարբերակի դեպքում համագործակցել ՀՀ-ի հետ:
-Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ հարգելով իր բոլոր գործընկերներին՝ ի սկզբանե ասել է, որ դա չի լինելու ի հաշիվ հայ-ռուսական դաշնակցության շահերի: Դրանք իրար փոխլրացնող գործընթացներ են:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
-Պարո՛ն Պողոսյան, ըստ Ձեզ` ի՞նչ պետք է ակնկալել Ֆյուլեի հայաստանյան այցից:
-Իրենք ցանկություն կհայտնեն, որ պատրաստ կլինեն քաղաքականության մեջ այնպիսի մեխանիզմ ստեղծել, որը հնարավորություն կտա Մաքսային միության հետ նաեւ միանալ ասոցացման համաձայնագրին: Այսօր այդ ամենը ինչ-որ չափով ենթադրություններ են: Պետք է սպասել ու տեսնել, թե ինչ ելույթներ են լինելու: Այնուհանդերձ, պետք է գլխավորն այն լինի, որ կարողանանք անսահման ճնշումներ գործադրել մեր իշխանության վրա, որը միշտ ասել է, որ կողմ է ասոցացման համաձայնագրին, ու կարողանանք անպայման մեր եվրաինտեգրման ճանապարհը շարունակել: Ամեն ինչ կերեւա 1-2 ամիս հետո, երբ պարզ կլինի, թե ինչ է կոնկրետ արվելու, եւ ինչպիսի բանակցություններ կլինեն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս