ՀԵՌԱՑԱՎ ԱԺ-ԻՑ
Երեկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, թե ինքն այդ քայլին է գնացել պարզապես այլ աշխատանքի անցնելու համար: Նշենք, որ նա ԱԺ-ում աշխատում էր 20 տարի շարունակ: Իսկ թե կոնկրետ որն է լինելու նրա նոր աշխատավայրը, վերջինս չշտապեց մանրամասնել. «Մեկ շաբաթից կասեմ, երբ ամեն ինչ վերջնական պարզ դառնա»:
ՏԻՊԻԿ ՀՀԿ-ԱԿԱՆ
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում կայանալիք ԱԺ լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Կարապետյանն իր շրջապատին հայտարարել է, որ ինքն արդեն ընտրված թեկնածու է եւ անիմաստ է անգամ մեկ դրամ ծախս անելը: Դրա համար էլ անգամ նախընտրական քարոզչություն չի իրականացնում: Արդեն քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը փորձում է Ա. Կարապետյանից այս առիթով պարզաբանում ստանալ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանում: Ինչպես երեւում է, Կարապետյանը լինելու է հերթական պլակատ-պատգամավորներից, որին մարդիկ չեն ճանաչում, բայց «ընտրում են»: Իսկ ահա «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում ինքն ընտրախախտումների հետ կապված փաստեր է հավաքում. «Դեռ չենք ուզում բարձրաձայնել, ինչ-որ օգնություն են խոստանում մարդկանց, ինչ-որ բաներ պետք է տան, մենք դեռ կխոսենք»: