ՉԻ ԱՎԵԼԱՑԵԼ
Վերջերս ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեծ ոգեւորությամբ է հանդես գալիս հեռուստատեսությամբ եւ հայտարարում, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում անասնագլխաքանակը կտրուկ ավելացել է: Մինչդեռ ՀՀ եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակը պնդեց. «Այդ թվերը չեն համապատասխանում իրականությանը: Հակառակը, Հայաստանում ոչխարաբուծությունը չի զարգանում: Օրինակ՝ Կոտայքի մարզի Զովունի համայնքում մի քանի տարի առաջ 30 հազար գլուխ ոչխար կար, հիմա մնացել է 2 հազար գլուխ»: Նրա կարծիքով՝ պատճառն անասնակերի թանկացումն է, ինչի համար մարդիկ դադարում են ոչխար պահել եւ հեռանում են երկրից: Արագածոտնի մարզի Միջնատուն համայնքի ղեկավար Թենգիզ Մամոյանն էլ իր հերթին պնդեց, որ իրենց գյուղում այս պահին ընդամենը մի ընտանիք է ոչխար պահում. «Նախկինում գյուղում կար 500 գլուխ ոչխար, իսկ հիմա ընդամենը 50-ն է:
ԴԵՊԻ ՆՈՐ ԽՍՀՄ
«Հուսով ենք, որ Եվրասիական տնտեսական միությունը կդառնա խոշորագույն ինտեգրացիոն նախագիծ, կհստակեցնի ոչ միայն երեք երկրների, այլեւ հետխորհրդային մյուս երկրների ապագան, որոնք կիսում են մեր ինտեգրման նպատակներն ու սկզբունքները եւ պատրաստ են իրենց վրա վերցնել համապատասխան պարտավորություններ»,-Աստանայի Եվրասիական ազգային համալսարանում դասախոսության ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ ուղեւորվել է Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ծանոթանալու առաջին գծի իրավիճակին: Իսկ մինչ այդ՝ սեպտեմբերի 10-12-ը Երեւան կատարած այցի ժամանակ, դեսպան Ուորլիքը քննարկել է խաղաղության գործընթացը Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
ՈՐՔԱՆ ԵՆ ԾԱԽՍԵԼ
Սեպտեմբերի 11-ին Չինաստանի Թայժոու քաղաքում բացվել է հայկական ապրանքատեսակների տաղավար։ Կենտրոնում իրենց տաղավարներն ունեն Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Իտալիան, Գերմանիան, եվրոպական եւ ասիական մի շարք երկրներ, որոնք չինացի սպառողին են ներկայացնում իրենց ապրանքատեսակները։ Տաղավարի բացմանը ներկա են եղել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչներ: Հայկական տաղավարում ներկայացված են հայաստանյան ընկերությունների արտադրանքը` կոնյակ, գինի եւ հյութեր։ Թե այս անգամ որքան գումար է ծախսվել հայկական տաղավարը պատրաստելու վրա, հայտնի չէ: Հիշեցնենք, որ նախորդ անգամ նույն Չինաստանում պետական բյուջեի միջոցներից քամուն տրվեց 2 մլն դոլար:
ՎՐԱՑ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է Վրաստանի եվրոպական եւ եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար Ալեքս Պետրիաշվիլու հետ եւ քննարկել Վիլնյուսում նոյեմբերի 29-30-ը կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին եւ դրա նախապատրաստական աշխատանքներին Արեւելյան գործընկերության ձեւաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր:
ԱՐՁԱՆԸ ԲԱՑՎԵՑ
Երեւանի Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցի բակում երեկ բացվել է հայ մեծ գրողի արձանը: Քանդակը բացել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ Դավիթ Մաթեւոսյանը:
ՉՈՐՐՈՐԴ ԹՈՌՆԻԿԸ
Սերժ Սարգսյանը երեկ աղջիկ թոռնիկ է ունեցել: «Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է նրա կրտսեր դստեր` Սաթենիկ Սարգսյանի եւ Հայկ Խաչատրյանի դուստրը: Այսպիսով` Ս. Սարգսյանն արդեն չորս թոռնիկ ունի: