Նախօրեին Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հրավիրված ԶԼՄ-ների ցանկում եղել է մոտ երկու տասնյակ լրատվամիջոց` հիմնականում նրանք, ովքեր ավանդաբար հրավիրվում են նախագահականի միջոցառումներին: Ու քանի որ «Ժողովուրդ» օրաթերթը գտնվում է «սեւ ցուցակում», չէին հրավիրել: Այնուամենայնիվ, մեզ հայտնի դարձավ, որ այդ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, խոսվել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի մասին: Ս. Սարգսյանն ասել է, թե ԱԺ-ում Աղվան Հովսեփյանի անունը` որպես գլխավոր դատախազի թեկնածու, չի ներկայացվելու:
Նշենք, որ այսօր արդեն լրանում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը, եւ նա կհեռանա այդ պաշտոնից: Իսկ արդեն ԱԺ հաջորդ քառօրյային քննարկվելու է ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու հարցը:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ մինչ վերջին պահը Ա. Հովսեփյանը վստահ է եղել, որ վերանշանակվելու է, ավելին, իր շրջապատում ասել է, որ արդեն պատրաստել է այն ելույթը, որը պետք է ԱԺ-ում ներկայացներ: Սակայն իրադարձություններն այլ ուղղությամբ գնացին:
Հավելենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահն ԱԺ-ին է առաջարկում գլխավոր դատախազի թեկնածություն: Եվ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ նա ընտրվում է այդ պաշտոնում:
ԱՂՎԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ