ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ մայիսի 29-ին 1983 թ. ծնված Եղիշե Հովհաննիսյանը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Նույն օրը 1966 թ. ծնված Սպարտակ Դավթյանը դիմում-մեղայական է ներկայացրել, որ մայիսի 28-ին, ժամը 23-ի սահմաններում, Կապանում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակահարել է Եղիշեին` պատճառելով վնասվածքները: Սպարտակը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
Քննչական կոմիտեից ArmLur.am-ը տեղեկանում է, որ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել՝ 33-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար:
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2016թ. մայիսի 28-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Ս. Դավթյանը, գտնվելով թեթև աստիճանի ալկոհոլային խմածության վիճակում, Կապանի Հ.Ավետիսյան փողոցի շենքերից մեկի մոտ հանդիպել է գործով տուժողին, ով նույնպես գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Վերջինս Ս. Դավթյանից պահանջել է օղի գնել իր համար, ինչի պատճառով առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում Ս. Դավթյանն իր մոտ գտնվող խոհանոցային դանակով 3 անգամ հարվածել է տուժողին:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը ծանր վնաս պատճառելը): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: