«ՇԱՐՔԱՅԻՆՆԵՐԸ» ԴԻՎԱՆԱԳԵՏ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի երկարամյա դեկան Գուրգեն Մելիքյանը հայրենասեր մարդ է, մեծ հարգանք վայելող անձնավորություն: Գուցե նրա այդ հատկանիշներն են պատճառ դարձել, որ չեն մերժել ու որդուն ընդգրկել են դիվանագիտական ծառայության մեջ: Եվ այն էլ՝ քայլ առ քայլ միայն տանելով դեպի դիվանագիտական աշխատանք: Խոսքը վերաբերվում է Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանին, որը երբեք «առաջին պլանում» չի եղել, աչքի չի ընկել դիվանագիտական մեծ հմտություններով:
Բուհը՝ բնականաբար, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը, ավարտել է 24 տարեկան հասակում: Թե ինչու է այսքան ուշ ստացել բարձրագույն կրթություն, չգիտենք: Սակայն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է տեղավորվել ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում եւ զբաղեցրել ռեֆերենտի պաշտոն, մի քանի ամիս անց նշանակվել  նախարարի օգնական, ապա մի քանի ամիս աշխատել ԱԳՆ գլխավոր քարտուղարության կցորդ: Նշանակում է, անընդհատ «որոնումների» մեջ է եղել, եւ նրա համար բարեխոսողները կամեցել են գտնել առավել «սրտամոտ» աշխատանք: Հասկանալի է, որ գերխնդիրը նրան այս նախարարությունում պահելն էր: 1993թ. Վ. Մելիքյանը եղել է ԱԳՆ ներկայացուցչությունների բաժնի կցորդ, ապա՝ այս բաժնի երրորդ քարտուղար, միեւնույն ժամանակ էլ սովորել Եգիպտոսի դիվանագիտական ակադեմիայի հատուկ դասընթացներում: Թե ինչու է ընտրվել հատկապես շատ քչերին հայտնի եւ դիվանագիտական ասպարեզում ճանաչում չունեցող Եգիպտոսի նշյալ ակադեմիան, բացատրենք այն հանգամանքով, որ Վ. Մելիքյանը արեւելագետ է կրթությամբ… Կամ գուցե հենց այդ ակադեմիայում է տեղ եղել Հայաստանի համար:
Մի չափազանց հետաքրքիր փաստ էլ կա Մելիքյանի կենսագրության մեջ. մեկ տարում մի քանի պաշտոններում «փորձարկվելուց» հետո, պարզվում է, Եգիպտոսում գտնվելու ժամանակ էլ նա եղել է ԱԳՆ Եվրոպայի վարչության Արեւելյան Եվրոպայի եւ Բալկանյան երկրների բաժնի երրորդ քարտուղար: Նման բան գրեթե չի լինում, սակայն նրա դեպքում եղել է: Շատերն այս ամենը կապում են Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, քանի որ Գուրգեն Մելիքյանը շատ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել առաջին նախագահի հետ: Դե, երեւի, նախագահն ասել է՝ «լա՛վ նայեք», նախարարությունում էլ լավ են նայել՝ մի պաշտոնից մյուսը «գլորելով»:
Բայց ահա 1993-ից հետո որոշակի կարգավորումներ են եղել Վ. Մելիքյանի կենսագրության մեջ. 1993-1996թթ. նա եղել է Հունաստանում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար: Գիտենք, որ մեր դեսպանատներն իրենց ակտիվ աշխատանքով աչքի չեն ընկնում, ո՜ւր մնաց, թե նկատելի ու շոշափելի լիներ երկրորդ քարտուղարի աշխատանքը: Մանավանդ երբ ուսումնասիրում ենք տվյալ ժամանակաշրջանում Հունաստանում ՀՀ դեսպանատան գործունեությունը, տեսնում ենք, որ որեւէ շոշափելի աշխատանք չի կատարվել:
Հունաստանում մոտ երեք տարի «հանգստանալուց» հետո Վ. Մելիքյանը վերադարձել է Հայաստան եւ նշանակվել ԱԳՆ քարտուղարության պետ: Սա արդեն բավական լուրջ պաշտոն է համարվում: Բայց այստեղ էլ երկար ժամանակ չի մնացել, քանի որ սիրտը Եվրոպա էր ուզում, ուստի շուրջ երեք տարի՝ 1997-ից 2000թ., եղել է Գերմանիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար: 2000-ին դարձյալ վերադարձել է Երեւան եւ ոչ երկար ժամանակով նշանակվել ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնակատար: 2001-ից մինչեւ 2006թ. եղել է նույն ծառայության ղեկավար: Նշանակում է, հեռու է մնացել ակտիվ դիվանագիտական աշխատանքից՝ չնայած շփվել է հյուր եկած դիվանագետների հետ:
2006-ից արդեն մի չափազանց ուշագրավ խճապատկեր է ներկայանում. 2006-ից Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, 2007-2010թթ. Քուվեյթում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, 2011-ից Քաթարում ՀՀ դեսպան, 2011-ից Բահրեյնում ՀՀ դեսպան… Ուշադրություն դարձնենք. բոլոր այս պետություններում մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքը չափազանց պայմանական է, մենք չունենք ընդգծված շահեր, չունենք համակողմանի եւ գործուն պայմանագրեր, աշխարհաքաղաքական զարգացումներում չկան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ… Պարզապես «տաք երկրներ» են, որտեղ գնալ-գալն արդեն իսկ հաճելի է, գոնե կարելի է հրաշալի հանգիստ անցկացնել: Եվ մեր դեսպանը հենց այդ կարգավիճակում է եղել, որովհետեւ նրա գործունեության ընթացքում որեւէ նշանակալի փաստ չի արձանագրվել:
Հիմա էլ Վահագն Մելիքյանն Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է: Այս երկիրը միշտ էլ մեզ համար բարեկամ է համարվել, բացի այդ, այստեղ մեծ հայկական համայնք կա: Սակայն հազիվ թե դեսպանին հաջողվի խորքային գործունեություն ծավալել, որովհետեւ դարձյալ չկան ակտիվ ու համակողմանի ծրագրեր… Ավելացնենք, որ նա նաեւ դեսպան է Ուրուգվայում եւ Պարագվայում: Ուրեմն, այստեղ էլ կարելի է հանգստանալ…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս