«ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ, ՈՐ ԿԱՐԵԼԻ Է ՆՅՈՒԹ ԴԱՐՁՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը մեկ շաբաթ է անցել Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի մահվանից, սակայն ոմանք արդեն սկսել են միության նոր նախագահի թեկնածուների շուրջ քննարկումները։ Մասնավորապես նշվում են մշակույթի նախկին նախարար, թարգմանիչ Հակոբ Մովսեսի, բանաստեղծ, ՀԳՄ նախկին նախագահ Ռազմիկ Դավոյանի, ԳՄ քարտուղար Էդվարդ Միլիտոնյանի, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի, արձակագիրներ Լեւոն Խեչոյանի, Գուրգեն Խանջյանի անունները, նաեւ չեն բացառում, որ ինքնաառաջադրման փորձեր անի Աբգար Ափինյանը, թեեւ նա հեռացված է գրողների միությունից։
Նման հապշտապ քննարկումները, ըստ շատ գրողների, կարելի է պարզապես անբարոյական համարել։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դրամատուրգ Կարինե Խոդիկյանը նույնպես իր վրդովմունքը հայտնեց վերոնշյալ քննարկումների առթիվ։
«Ճիշտ է, դրամատուրգ եմ, բայց նաեւ լրագրող եմ (նախկին լրագրող չի լինում) ու պարզապես ցավ եմ ապրում այս աստիճանի բարոյական անկման համար։ Եթե ամեն ինչ կողքի դնենք, գոնե պետք է հարգենք քրիստոնեական այն արժեքը, որ մարդկանց մեջ կա։ Մարդը հեռացել է կյանքից, գոնե թող սպասեն, ժամանակ թողնեն։ Եթե իրենք անտարբեր են, չգիտեն՝ ով է Լեւոն Անանյանը, եթե նրանց համար Լեւոն Անանյանն ընդամենը անուն է, ապա կան մարդիկ, ովքեր նրա հետ ճանապարհ են անցել։ Մեկի ընկերն է, մյուսի բարեկամը, երրորդի հարազատը։ Ախր չի կարելի այսքան էժանագին սենսացիայի համար շրջանառության մեջ դնել մտացածին ինչ-որ ծրագրեր ու նաեւ անուններ։ Ես անձամբ վիրավորվում եմ, որովհետեւ 24 տարվա «Գարուն»-ական ընկեր եմ կորցրել, եւ իմացող մարդը կհասկանա՝ դա ինչ է, մենք ինչ ճանապարհ ենք անցել, դժվարին 90-ականների այդ օրերին «Գարուն»-ն ինչպես ենք պահել հենց Լեւոն Անանյան խմբագրի գլխավորությամբ… Ընդ որում, նույնիսկ կան լրագրողներ, որ համարում են, թե գրողների միությունը պետական կառույց է, եւ իրենք իրավունք ունեն բզկտել այն։ Գրողների միությունը ստեղծագործական միություն է, հիմա արդեն ՍՊԸ է համարվում, հասարակական կազմակերպություն է։ Թողե՛ք, թողե՛ք մեկն իր դարդով տապակվի, մյուսն իր կորուստը սգա։ Իսկ պատեհապաշտ, օրվա մեջ սկանդալ փնտրողներին ընդամենը խնդրում եմ՝ ի սեր Աստծո, ձեր օրվա փայաբաժինը ձեր մնացած կյանքի նժարին մի՛ դրեք։ Ամեն ինչ չէ, որ կարելի է նյութ դարձնել»,-նշեց դրամատուրգը։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս