Գերմանիայի Բունդեսթագի բոլոր քաղաքական խմբակցությունները գրեթե միաձայն են` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը պետք է ընդունվի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գերմանիայում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Անտո Ազնավուրյանը:
«Այս անգամ չպետք է լինի նախկինի պես: Այլ հստակ միաձայն ասվի, որ եղածը ցեղասպանություն է: Դրանից բացի, խոսվի Գերմանիայի հանցավոր լինելու մասին, ինչպես նաև շոշափվի Հայաստան-Թուրքիա սահմանների բացման հարցը: Քաղաքական ուժերն այսպիսի խոստումներ տվեցին ժամանակին և հիմա տեսնում ենք, որ այդ ուղղությամբ էլ քայլեր են կատարվում»,-ասաց Անտո Ազնավուրյանը: Նրա խոսքով, փախստականների հարցի հետ կապված Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը բարենպաստ մթնոլորտ է ստեղծել` ի հակառակ Թուրքիայի:
«Հանրության մոտ այն տպավորությունն է, որ Գերմանիայի կառավարությունը գաղթականների հարցի համար թուրքերին ամեն բան զոհելու պատրաստ է: Այդ երևույթն այնքան նվաստացուցիչ է, որ մարդիկ սկսել են չընտրել այդ նշանավոր կուսակցություներին, ինչն էլ մտահոգիչ երևույթ է դարձել քաղաքական դաշտում: Ահա այս լույսի ներքո, կուսակցություները նկատել են, որ արժեքները պաշտպանելու հանգամանք պետք է ցույց տան»,-ասաց Անտո Ազնավուրյանը:
Նա նշեց, որ, Թուրքիան, ուզելով, թե չուզելով, անուղղակի նպաստում է այդ գործին: Անտո Ազնավուրյանը նկատեց, որ Թուրքիայի կողմից ուժեղ ճնշումներ կան: Ամենատարբեր մակարդակներով հայտարարություններ, սպառնալիքներ են հնչում: Թուրքական կողմն ընդգծում է, որ բանաձևի ընդունումը կազդի Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների վրա: Նրա տեղեկացմամբ, Գերմանիայում թուրքական կազմակերպությունները տարբեր ցույցեր են կազմակերպում: «Բողոքները շատ են, բայց մենք վարժված ենք: Ուրախ ենք, որ կգոռան, որովհետև իրենց միջամտութունները բացասական հետևանք են ունենում: Ժողովուրդը զզված է Թուրքիայի միջամտությունից: Այնպես որ, կարծում եմ, բավական բարենպաստ շրջան է: Եթե բանաձևն ընդունվի դա կնշանակի, որ Գերմանիան պաշտոնապես 1915 թվականի իրադարձությունները բնութագրում է ցեղասպանություն: Դա իրավաբանական իմաստով մեծ արժեք ունի: Մենք կարող ենք հարմար առիթով, դատական գործերի ժամանակ, մեջբերել Գերմանիայի այս բանաձևը: Բանաձևի ընդունումը հայերի համար հոգեբանական տեսնակյունից կարևոր նշանակություն ունի: Վերջապես կհաստատվի, որ Թուրքիան ոճրագործ է»,-ասաց Անտո Ազնավուրայնը: Նա նաև նշեց, որ բանաձևի ընդունումը քաղաքական հարաբերություններում նպաստավոր դաշտ կբացի:
Պարզապես հայությունը պետք է ճիշտ ժամանակին պտուղը քաղի: Բունդեսթագում «Օսմանյան կայսրությունում 1915 և 1916 թթ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և դատապարտման մասին» բանաձևի նախագծի քննարկումները նախատեսվում է սկսել հունիսի 2-ին՝ տեղի ժամանակով 11:10-ից: Քննարկումները կհեռարձակվեն Գերմանիայի խորհրդարանի ինտերնետ հ եռուստատեսությամբ՝ www.bundestag.de կայքի միջոցով: Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» բառեզրը:
Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին` Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր ԱնգելաՄերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ Գերմանիայի Դաշնության Նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել:
2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև: Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն: Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ ևս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը: Սակայն բանաձևի քվերակությունը հետաձգվեց անորոշ ժամանակով: Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին: