ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արսեն Խանամիրյանի սպանության դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։
2016թ. հունիսի 01-ին՝ ժամը 14.45-ին, Երևան քաղաքի «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Նար-Դոս և Վարդանանց փողոցների հատման մասից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արսեն Համլետի Խանամիրյանը՝ կրծքավանդակի ձախ կեսի միջկողային շրջանի և ձախ ենթակողային շրջանի կտրած-ծակած վերքով, ով հիվանդանոցում մահացել է:
Դեպքի առթիվ 01.06.2016թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 26-ամյա երիտասարդ։
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։