ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ սպանության փորձի մեջ մեղադրվող Կ. Կունգուրցևը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2016 թվականի մարտի 18-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, դատավորի, դատական նիստի քարտուղարի և բազմաթիվ այլ անձանց ներկայությամբ հայհոյել և վիրավորել է դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազին՝ այսկերպ դատարանի նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Կունգուրցևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: