Պայքարը դարձրել են վճարիր կգոռամ գործելաոճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջապես մեր երկրում իշխանական ճամբարից դուրս գտնվեց մեկը, որ համարձակվեց ասել ճշմարտությունը: Ողջունում եմ նախկին դատավոր Պարգեւ Օհանյանին. մարդ, որն իսկապես մշտապես խոսել է արդարությունից ու գործել այդպես: Իսկապես՝ քաղաքացիական հասարակություն կոչված եզրույթի տակ հավաքվածներից շատերը հեղինակազրկում են շատ արժեքներ ու պայքարը դարձրել են “վճարիր կգոռամ” սկզբունքին հավատարիմ գործելաոճ:
Եւ այսպես ինչ է գրել նախկին դատավորը. “Կան քաղաքական (իրենց կարծիքով` հանուն արդարության) շահեր հետապնդողներ, բայց ոչ հուշարձանն իրականում գնահատողներ, որովհետև իրական գնահատողը կհասկանա, որ պետք է պայքարել ոչ թե մեռած հուշարձանների, այլ մեռնող` հուշարձան դարձող մեր քաղաքների, գյուղերի, ծխացող տների և, ամենակարևորը` աշխատանք, ուստի և ապրուստի միջոց չունեցող, հոգևոր (ինչու չէ` նյութական, բարոյական, գուցե նույնիսկ` մասնագիտական) աջակցություն մեր կողմից չստացած մարդկանց համար, ովքեր լքում են երկիրը… Պետք է պայքարել բռնաբարված և միայնակ` իրեն բռնաբարողի ու իրավապահ մարմինների կամայականությունների դեմ պայքարի ելած աղջկա և ամեն մի մարդու խախտված իրավունքների վերականգնման համար և ոչ թե իշխանությունների կամ առանձին “օլիգարխների” դեմ, այլ նրանցում տեղ գտած, արմատացած արատավոր երևույթների, ապօրինությունների… դեմ և գործիք չդառնալ այս կամ այն քաղաքական ուժի ձեռքին` հասարակությունը (ազգը) բաժանելով իշխանականների և ընդդիմությունների` լևոնականների, ռաֆիականների, որոնք, հնարավոր է (տա Աստված սխալվեմ)` ամեն ինչի գնան (եթե վստահ լինեն, որ կհաղթեն) անգամ սիրիական ճանապարհով (արևմուտքի սրտով) միայն թե իշխանության գան: Սիրեք և օգնեք միմյանց ՄԱՐԴԻԿ…”,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Պարգև Օհանյանը: 
Որպես մշտապես պայքարի առաջին գծում եղած անձնավորություն, ստորագրում եմ այս խոսքերի տակ: Այդ ինչո՞ւ են նույն ակտիվիստները հիշում, որ Փակ շուկան հուշարձան է միայն այն ժամանակ, երբ պետք է լինում հասարակության ուշադրությունը շեղել որեւէ կարեւոր իրադարձությունից, այդ ինչպե՞ս է, որ ակտիվիստ կոչվածները չեն պայքարում մյուս օլիգարխների դեմ եւ սեւեռվել են հենց Սամվել Ալեքսանյանի վրա: Ինչո՞ւ նրանք օրինակ  չեն պայքարում ՀՀ վարչապետի սիրելի գործարարների դեմ: Հրահանգ չունե՞ն: Ինչո՞ւ երիտասարդները չեն բարձրաձայնում, որ այդ մարդը իսկապես փրկեց Փակ շուկան ոչնչացումից: Ի վերջո յուրաքանչյուր հնություն պետք է ժամանակի ընթացքում նորացվի: Մարդը խոստացել էր, որ շուկայի ճակատային մասը չի փոխվի, այդպես էլ եղավ, բա շենքը չամրացնե՞ր: Հա՞: Բա որ չամրացներ, ինչպե՞ս նորոգեր:
Իսկապես որ ամոթ է, չի կարելի պայքար բառի իմաստն այս աստիճան արժեզրկել: Երիտասարդներ եք, ավելի ազնիվ զբամունք գտեք պատվերով ակտիվիստ աշխատելն ամենավտանգավոր բանն է: Իսկ առավել ամոթալին այն է, որ ակտիվիստների հարցով եվրոպացիներն են մտահոգվում: Սա՞ է ձեր ուզածը: Մեր երկրի վարկանիշը իջեցնում եք, որ գրանտներ ստանա՞ք: Ի՞նչ եք ուզում: Վաղը մեր երկրում չե՞ք ապրելու:
ԼԻԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀ քաղաքացի, որ ակնկալում է իր խոսքերը հրապարակել առանց աղճատման




Լրահոս