ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԽԱՅՏԱՌԱԿԵՑ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ իշխանությունները կորցրել են իրականության զգացողությունը: Այս ամենը հերթական անգամ երեւաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարարություններից:
Պարզվում է` իշխանությունները ոչ մի կերպ չեն համակերպվում այն մտքի հետ, որ ԵՄ-ն երես է թեքել իրենցից եւ պատրաստվում է իր օրակարգից հանել ՀՀ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը. այդ մասին հայտարարել է նաեւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Մինչդեռ երեկ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ իրենք տրամադրված են նախաստորագրել համաձայնագիրը: “Եթե Ֆյուլեն ասում ա` չի ուզում, դա իր գործն է, բայց մենք ուզում ենք””,-շշպռեց նա:
Այս հայտարարությունը, մեղմ ասած, քաղաքագիտական նոնսենս է, որովհետեւ երկկողմ հարաբերությունները կառուցվում են երկու կողմերի համաձայնությամբ: Եվ, բացի այդ, ՀՀ-ն հաստատ գերտերություն չէ, ոչ էլ ԵՄ-ն է ՀՀ-ի վասալը, որ նրանց ստիպի հակառակ իր կամքի նախաստորագրել արձանագրությունները: Մյուս կողմից, սակայն, նկատենք, որ Հովիկ Աբրահամյանը պարզ կերպով ի ցույց է դնում իշխանությունների իրական մտածելակերպը. այս իշխանության համար երբեք կարեւոր չի եղել իր ժողովրդի կարծիքը, հիմա կարեւոր չէ նաեւ միջազգային հանրության տեսակետը: Իսկ եթե, այնուամենայնիվ, Արգամիչը վստահեցնում է, որ իրենք ուզում են նախաստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, լավ կլինի, եթե Սերժ Սարգսյանի ներկայացմամբ ինքը խորհրդարանի վավերացմանը դնի առաջին հերթին հայ-թուրքական արձանագրությունները` այդպես ցույց տալով, որ իրենք, միեւնույն է, կառուցողական դաշտում են գտնվում: Եվ, անկախ Թուրքիայի կամքից, վավերացնեն այդ փաստաթուղթը:
Հովիկ Աբրահամյանի ուշագրավ հայտարարությունները, սակայն, այսքանով չեն ավարտվել: Նա ասել է, թե կողմ է Մաքսային միությանը միանալուն, բայց նաեւ նշել. “Նորից եմ կրկնում, նախագահը տվել է իր համաձայնությունը` անդամակցելու Մաքսային միությանը, դրանից հետո է պետք է լինի ծավալուն գործընթաց, եւ երբ մենք կունենանք պայմանները, պայմանագրերը, ձեւաչափերը, կքննարկենք, կհասկանանք… Դա պետք է բխի Հայաստանի շահերից` բոլոր առումներով: Մենք դեռ չգիտենք` այդ շահը որն է լինելու, բանակցելու ենք: Ինչո՞ւ է ձեզ թվում, որ մենք գերի ենք, եթե լավ փաստաթուղթ չեղավ, չբխեց մեր պետության շահերից, մենք չենք համաձայնի: Սա նախնական համաձայնություն է: Միգուցե լինի փաստաթուղթը, Ազգային ժողովը չքվեարկի”:
Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ իշխանությունները առնվազն չգիտեն, թե ՄՄ-ին անդամակցելն ինչով է վնասելու մեր երկրի շահերին, ինչ է կորցնելու ՀՀ-ն այդ դեպքում, բայց, միեւնույն է, Պուտինի հետ հանդիպումից հետո տվել են իրենց համաձայնությունը: Ավելին, Արգամիչը նույնիսկ ակնարկում է, որ Հայաստանն ինչ-որ պահի ՄՄ-ի հետ կվարվի այնպես, ինչպես վարվեց ԵՄ-ի հետ` ասոցացման համաձայնագրի դեպքում. երբ չորս տարի շարունակ այդ փաստաթղթի շուրջ մանրակրկիտ բանակցություններից հետո հանկարծ հայտնվեց ռուսական տիրույթում: Ասել է թե՝ Հայաստանը հիմա էլ Մաքսային միությանն անդամակցելու հարցով բանակցությունների, գործուղումների, համաժողովների ու կլոր սեղանների անցկացման համար պետք է հսկայական գումարներ ծախսի, ու պարզվի` այս ամենն անարդյունավետ էր: Միակ մխիթարական փաստն այն է, որ Աբրահամյանը բարձրաձայնում է այդ մասին` հղում անելով Հայաստանի շահին: Այսինքն՝ խոստանում է, որ որեւէ վատ դրույթ տեսնելու դեպքում ԱԺ-ն չի քվեարկի այդ փաստաթղթերի օգտին:
Ավելին, ԱԺ նախագահը ամեն գնով հերքում էր ՄՄ-ին անդամակցելու համար ՀՀ-ի վրա ճնշումներ գործադրելու մասին եվրոպացիների հայտարարությունները: “Ես որեւէ ճնշման ներկա չեմ եղել, չեմ զգացել, որ որեւէ ճնշում կա մեր իշխանությունների վրա: Եվ որեւէ մեկը մեզ չի ստիպել անդամակցել Մաքսային միությանը”,-ասաց նա:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 616 համար




Լրահոս