Ամփոփվել է «Էկո սերունդ» ծրագրի երկրորդ փուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի համատեղ իրականացվող «Էկո սերունդ» ծրագրի երկրորդ փուլն ամփոփվել է քաղաքային ջերմատանը:
Մայրաքաղաքի ընտրված 5 դպրոցների ծրագրի մասնակից աշակերտները տեղում ծանոթացել են մայրաքաղաքը զարդարող հազարավոր ծաղիկների աճեցման փուլերին: Էկոդասընթացներում ձեռք բերած գիտելիքները երեխաները կիրառել են նաև ջերմատանը և մասնակից դարձել ծաղիկների տեղափոխման աշխատանքներին:

Տեսական գիտելիքներ ստանալուց բացի, աշակերտները նաև գործնական հետաքրքիր առաջադրանքներ են կատարել. թղթի թափոններից պատրաստված գործերը ցուցադրվել են ջերմատան բակում կազմակերպված բացօթյա ցուցահանդեսում:
«Նախաձեռնելով այս ծրագիրը՝ մեր գլխավոր նպատակն էր, որ դպրոցականները բնության վերաբերյալ գիտելիքներ ստանան այլընտրանքային եղանակով, ինչը կհետաքրքրի և կօգնի առավել ուշադիր լինել շրջակա միջավայրի, մասնավորապես մայրաքաղաքի նկատմամբ: Ծրագրի արդեն երկու փուլերի արդյունքներով վստահաբար կարող եմ ասել, որ մեր աշխատանքներն այս ուղղությամբ արդյունավետ են»,- նշել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը:

Ծրագրի 2-րդ փուլի մասնակից բոլոր աշակերտները, ինչպես նաև էկոդասընթացներն անցկացնող երիտասարդները ստացել են մասնակցության հավաստագրեր:




Լրահոս