Արթուր Առաքելյանը հանդիպեց Եվրոպական Ներդրումային Բանկի ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը հանդիպեց Եվրոպական Ներդրումային Բանկի ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը հանդիպեց Եվրոպական ներդրումային բանկի ԵՄ հարևան երկրների վարչության պետ Հայնց Օլբերսին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով ներկաներին՝ Արթուր Առաքելյանը շնորհակալություն հայտնեց ԵՆԲ ներկայացուցիչներին ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման բնագավառում ունեցած ակտիվ մասնակցության համար՝ նշելով որ այն հիմնված է փոխշահավետ համագործակցության վրա։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ԵՆԲ համաֆինանսավորմամբ կառուցվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի՝ շուրջ 27,5 կմ հատվածի կառուցման, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) մայրուղու հիմնանորոգման աշխատանքներին։
Քննարկվեց նաև Մարգարա – Վանաձոր – Վրաստանի սահման, Երևան – Սևան – Իջևան և Վանաձոր – Դիլիջան ավտոճանապարհների վիճակը, խոսվեց դրանց վերականգնման անհրաժեշտության և կարևորության մասին։

«Այդ ավտոճանապարհների վերակառուցման արդյունքում հնարավոր կլինի դրանք համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին, ինչը հնարավորություն կտա բարձրացնել երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև զգալի նվազեցնել բեռնափոխադրումների ծախսերը, – ասաց Արթուր Առաքելյանը։

Քննարկման առանցքային հարցերից էր Երևանից դեպի Գառնի-Գեղարդ տանող ավտոճանապարհի մի հատվածի՝ Ողջաբերդ գյուղի մոտ, սողանքի հետևանքով առաջացող վիճակը: Նշվեց, որ հնարավորության դեպքում այդ ճանապարհահատվածում անհրաժեշտ է կատարել լուրջ ուսումնասիրություններ, որպեսզի խնդրին վերջնական լուծում տրվի:

Հանդիպման ընթացքում Ա. Առաքելյանը կարևորեց նաև Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանն ուղղված ծրագրերը և ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ.

«ՏՐԱՍԵԿԱ ծրագրի հետ համատեղ ՀՀ կառավարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը»,- ասաց նա։

Հայնց Օլբերսը շնորհակալություն հայտնելով արդյունավետ հանդիպման համար՝ նշեց, որ ներկայացված բոլոր առաջարկները կներկայացվեն ԵՆԲ խորհրդի քննարկմանը։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս