Հայտարարություն ուղեվարձի թանկացման վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին օրերին կրկին ակտիվ շրջանառվում է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպելու հարցը:
Երևանի քաղաքապետարանն արդեն չի էլ թաքցնում, որ հարցի քննարկման նպատակով ձևավորվում է հանձնաժողով: Չքննարկելով՝ ինչ չափորոշիչներով է ընտրվել (կամ ընտրվելու) հանձնաժողովի կազմը, ովքեր են շահագրգիռ կողմերը և ի վերջո “առանձին ընթացակարգով” (ինչպես քաղաքապետարանն էր ներկայացրել) քննարկման արդյունքում “Իրազեկ և պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպությունը ընդգրկված է հանձնաժողովում, թե ոչ, ցանկանում ենք տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետի` 2013 թվականի հուլիսի 25-ի N 3723-Ա որոշման (Երևանի քաղաքապետի` 2013 թվականի հուլիսի 19-Ի N 3661-Ա որոշման գործունեությունը կասեցնելու մասին) 2-րդ կետով հստակ սահմանվում է՝ “Երևանի քաղաքապետի խորհրդական Ա. Գևորգյանին՝ կազմակերպել հանրային քննարկումների իրականացումը, ներգրավվելով Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի անդամներին, տրանսպորտային ոլորտի մասնագետներին, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին և այլ անձանց և դրանց արդյունքներով ներկայացնել համապատասխան եզրակացություն”:
Իսկ ահա Հայաստանի Հանրապետությունում հանրային քննարկումներն իրականացվում են համաձայն ՀՀ Կառավարության 2010 թ.-ի մարտի 25-ի N 296-Ա “Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասինե որոշման, որում ոչ մի խոսք չկա “հանձնաժողով” ձևավորելու, առավել ևս շահագրգիռ կողմերի ընտրության մասին, դեռ ավելին, համաձայն գործող կարգի՝ նախագիծը մշակող մարմինն իր ինտերնետային կայքում պետք է հրապարակի հանրային քննարկումների հրավեր, որը պետք է պարունակի քննարկումների իրականացման տեսակի, վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի, ինչպես նաև հանրային քննարկմանը մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետի (եթե, ըստ նախագիծը մշակող մարմնի, նման դիմում ներկայացնելն անհրաժեշտ է) մասին տեղեկություններ: Ընդ որում, դիմումների ընդունման վերջնաժամկետը չի կարող պակաս լինել, քան հանրային քննարկումների հրավերի հրապարակման պահից տասն օրը: Նախագիծը մշակող մարմինը հանրային քննարկումների հրավերը կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվամիջոցներով և ժամանակակից հեռահաղորդակցման այլ միջոցներով, ինչպես նաև հանրային քննարկումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Ստացվում է, որ ստեղծվող հանձնաժողովը չի կարող որևէ կապ ունենալ քաղաքապետի կողմից հանձնարարված հանրային քննարկումներ կազմակերպելու հետ:
“ԻՐԱԶԵԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍՊԱՌՈՂ” ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ




Լրահոս