Հայկական բասկետբոլի վերելքի ուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011 թվականից Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատում է աշխարհի տարբեր երկրներում բնակվող շնորհալի հայ բասկետբոլիստներին հավաքագրելու եւ մարտունակ հավաքականներ ստեղծելու համար: Կատարված աշխատանքն աստիճանաբար տալիս է իր արդյունքները, եւ այսօր շատերն են ցանկանում ելույթ ունենալ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո եւ բարձր պահել հայրենիքի պատիվը: 2016 թվականին Հայաստանը Եվրոպական առաջնություններում ներկայացված կլինի միանգամից 4 հավաքականներով, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեր պետության պատմության մեջ:

16 տարեկանների հավաքական

Պատանեկան այս տարիքային հավաքականը մասնակցելու է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Հավաքականում հանդես են գալու բացառապես հայկական թիմերում ելույթ ունեցող տղաներ: 10 երկրների մասնակցությամբ կայանալիք Եվրոպայի առաջնությունը հստակ ցույց կտա, թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ ապագայում հայ պատանիներից, ովքեր բնակվում եւ մարզվում են Հայաստանում:

20 տարեկանների հավաքական

Հայաստանի մինչեւ 20 տարեկանների կամ պարզապես երիտասարդական հավաքականը նախորդ տարի հաջողությամբ մասնակցեց Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը՝ 7 խաղերում տոնելով 3 հաղթանակ: Ներկայումս Հայաստանի երիտասարդական հավաքականն իր վարկանիշով Եվրոպայի 54 երկրների շարքում ընթանում է 29-րդ տեղում: Նախորդ տարի երիտասարդականում հանդես եկած 4 բասկետբոլիստներ տեղափոխվել են Հայաստանի ազգային հավաքական: Հավանական է, որ այս տարվա երիտասարդականն էլ ազգայինի համար աճեցնի եւս 4-5 բասկետբոլիստներ: Ժամանակակից բասկետբոլում չկան ազգային ուժեղ հավաքականներ, որոնք կայուն կերպով կադրեր չեն ստանում երիտասարդականից:
Այս տարի տարի Հայաստանի երիտասարդական հավաքականում պատրաստվում են իրենց նորամուտը նշել Ռուսաստանում, Սիրիայում եւ ԱՄՆ-ում հանդես եկող 7 հայազգի եւ մեկ օտարազգի բասկետբոլիստներ: Նրանք մասնակցելու են Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը, որտեղ բավականին թեժ մրցակցություն է սպասվում (մասնակիցների թվում են նաեւ բասկետբոլային գերտերություններ համարվող Ռուսաստանը եւ Խորվաթիան):

Ազգային հավաքական

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի տղամարդկանց մեծահասակների հավաքականը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որտեղ ելույթ են ունենալու 8 թիմեր: Այս ստուգատեսը թույլ կտա հասկանալ, թե ինչ ներուժ ունի Հայաստանի հավաքականը, որտեղ ելույթ են ունենալու ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում հանդես եկող հայ բասկետբոլիստներ:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր նպատակը 2017 թվականից աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերին կանոնավոր մասնակցելն է: Նոր մրցակարգի համաձայն՝ ընտրական փուլի մասնակիցները հանդես են գալու սեփական հարկի տակ եւ հյուրընկալվելիս: Նման ձեւաչափով մրցակարգը թույլ կտա, որ Հայաստանում հազարավոր մարզասերներ հնարավորություն ունենան աջակցել ազգային թիմին: Մարտունակ հավաքական ունենալու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի բոլոր տարիքային հավաքականները պատշաճ կերպով մասնակցեն Եվրոպայի 2016 թվականների առաջնություններին:
Խորը վերլուծություններից եւ ուսումնասիրություններից հետո Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան եկել է այն համոզմունքին, որ առանց ազգային հավաքականի կանոնավոր ելույթների հնարավոր չէ Հայաստանի Հանրապետությունում բասկետբոլը բերել բարձր մակարդակի եւ ապահովել մեծ մասսայականություն: Հենց ազգային հավաքականը պետք է դառնա մարզաձեւի զարգացման լոկոմոտիվը, ինչի վառ ապացույցը ներկայումս բասկետբոլում հաջողություններ գրանցող երկրներն են:

Կանանց բասկետբոլ

Մինչեւ 18 տարեկանների հավաքական

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ուշադրություն է դարձնում նաեւ կանանց բասկետբոլին եւ այս տարի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը կմասնակցի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների ընտրանին: Նախորդ տարի այս թիմը մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում գրավել է 2-րդ հորիզոնականը եւ մեծ հույսեր ներշնչել: Հայաստանաբնակ պատանի բասկետբոլիստուհիներին այս տարի միանում են նաեւ Ռուսաստանում հանդես եկող հայ մարզուհիներ, որոնց օգնությամբ հավաքականն ավելի մարտունակ կդառնա:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս