ՊԵՏՔ ՉԷ ԿՈՏՐԵԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դերասանուհի ԱՆԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ 1997թ. մինչ օրս աշխատում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Հեռուստադիտողին նա հայտնի է “Բարաբա”, “Ընտրություններ”, “Պահանջվում է միլիոնատեր” գեղարվեստական ֆիլմերից, ինչպես նաեւ  “Երջանկության մեխանիկա” նախագծից, “Հարեւաններ”, “Կյանքի կարուսել”, “Երեք կյանք” սերիալներից: Դերասանուհին հանդես է եկել նաեւ որպես հաղորդավարուհի՝ վարելով առավոտյան ծրագիր TV5 հ/ը եթերում, ինչպես նաեւ իրականացրել բազմաթիվ սերիալների ու մուլտֆիլմերի կրկնօրինակումներ:
-Երկար տարիներ աշխատում եք թատրոնում, բայց Ձեզ սկսեցինք ճանաչել հեռուստատեսությունում հայտնվելուց հետո:
-Շատ ցավում եմ, որ մարդիկ դերասաններին չեն ճանաչում թատրոնից: Մարդը 15-30 տարի աշխատում է թատրոնում ու այդքան մասսայականություն չի վայելում, բայց բավական է երեւա ինչ-որ մի սերիալում, նրան սկսում են ճանաչել: Բեմն ու էկրանը շատ տարբեր են: Բեմում կենդանի արվեստ է, խոսուն աչքեր, անմիջական շփում հանդիսատեսի հետ: Որտեղ էլ որ խաղամ, իմ աշխատանքն է, երկու դեպքում էլ փորձում եմ անկեղծ լինել:
-Ոչ պրոֆեսիոնալների, սկսնակների ներկայությունը նույն հրապարակում չի՞ նյարդայնացնում:
-Եթե խոսքը սկսնակ դերասանի մասին է, որը նոր է իր քայլերն անում այդ ասպարեզում, յուրաքանչյուրիս կյանքում էլ այդպես է եղել, պրակտիկա է անհրաժեշտ, դա հասկանալի է: Բայց երբ մարդը բացարձակապես կապ չունի դերասանական արվեստի հետ, փողոցից բռնում են ու նկարում, ա՛յ դա շատ ահավոր է:
Եթե թատրոնից դուրս աշխատանքը չլինի, դերասանը կկարողանա՞ իր հոգսերը հոգալ:
-Միանշանակ ո՛չ, սիրելի՛ս, 50-60, լավագույն դեպքում 70 հազար դրամ աշխատավարձով այսօր կարելի՞ է ապրել, այն էլ դերասանը, որը հանրային մարդ է, որին երբ ժողովուրդը տեսնում է, ոտքից գլուխ ուսումնասիրում է: Այդ աշխատավարձն ընդամենը կոմունալ վարձերի գումար է:
-Կարելի՞ է ենթադրել, որ Դուք համաձայնել եք նկարահանվել սերիալներում ու տարբեր նախագծերում` հենց ֆինանսական նկատառումներից դրդված: 
-Իհարկե, իսկ ինչո՞ւ ոչ: Այսօր բոլորն են ապրել ուզում: Ի՞նչ արած, եթե չկա այլ տարբերակ… 
-Նման պահերին չե՞ք նեղվում, որ այս մասնագիտությունն եք ընտրել:
-Գիտեք ինչ, միայն դերասանը կիմանա, թե սա ինչ կախարդական մասնագիտություն է, ու երբ մտնում ես այս աշխարհը, դուրս գալ, զղջալ չի լինում: Պատրաստ ես նույնիսկ սովից մեռնել, բայց լինել այս ասպարեզում, որը քեզ սպունգի պես անմիջապես կլանում է իր մեջ:
-Գիտեմ, որ հիմա սերիալների մեծամասնությունը փակվել է, այլեւս չեն նկարահանելու, մտածե՞լ եք, թե ինչպես եք գումար վաստակելու, ապրելու:
-Ա՛յ դա շատ վատ է, այնքան փորձեցինք քարկոծել այդ սերիալները, բայց չէ՞ որ այն, ինչ ցուցադրվում էր, մեր առօրյան էր, իրականությունը: Ինչո՞ւ ենք մենք վատ զգում, որ իրականությունն էկրան է բարձրանում: Պետք է տեսնել այդ վատն ու փոխվել: Ես դեմ եմ գռեհիկ արտահայտություններին, ոչ մասնագիտական մոտեցմանը, բայց այսօր սերիալները դերասանների գոնե մի մասին կարողանում էին ֆինանսապես օգուտ բերել: Մարդիկ կարողանում էին ապրել, դա էլ կտրեցին, որոշեցին, որ շատ է: Այդ դեպքում թող այնքան բարձրացնեն դերասանների աշխատավարձերը, որ մարդիկ ոչ թե շքեղ, այլ միջին ձեւով ապրեն: 
Իսկ սերիալի մեջ ոչ մի վատ բան չկա, պարզապես պետք է լավ աշխատել ու չձգձգել տարիներով, թող լինի 50 սերիա կամ ավելի քիչ: Թող սերիալն ունենա սկիզբ ու ավարտ, որ դերասանը կարողանա հասկանալ՝ ինչ է խաղալու: Շատ անգամ խաղում են` չիմանալով անգամ՝ վաղն իրենց հետ ինչ է լինելու, սցենարը ստանում ես լավագույն դեպքում մի քանի օր առաջ: Դերասանը բնավ մեղք չունի, որ սերիալը որակական խնդիր է ունենում: Դերասաններն իրոք խաղում են, ու պետք չէ ասել` վատ է: Ա՛յ վատ է, երբ փողոցից վերցնում են ինչ-որ մեկին, որը գալիս ու փչացնում է ամբողջ աշխատանքը:
-Փաստորեն, այս պահին շատ դերասաններ անգործ մնացին, ի՞նչ կլինի հետո:
-Չեմ պատկերացնում, սա ուղղակի սկիզբ է` մարդկանց էստեղից գնալու: Հավատացե՛ք, մարդիկ չեն կարող, ինչքան էլ սիրեն իրենց երկիրը, թատրոնը, գալիս է պահ, երբ ունես ինքնասիրություն եւ գոնե մինիմալ ձեւով ուզում ես ապրել: Տեսե՛ք, թե ամբողջ աշխարհում դերասաններն ինչ ձեւով են ապրում, ինչպես են ընդունվում պետության կողմից: Իսկ այստեղ շատ վատ են վերաբերվում արվեստագետներին, դրա համար էլ շատերը հեռանում են: 
Լավ, ո՞ւր են գնում, այլ երկրում ուրիշ գործով են զբաղվում, իսկ գիտե՞ք՝ ստեղծագործող մարդու համար ինչ բարդ է դա անել, նրա մեջ մեռնում է հոգեւորը: 
Եղել է շրջան, երբ մի քանի ամիս ապրել եմ Մոսկվայում: Չեք պատկերացնի իմ հոգեվիճակը. չնայած, որ շատ լավ եմ ապրել այնտեղ, ոչ մի բանի կարիք չեմ ունեցել, բայց խեղդվում էի: Պետք չէ կոտրել ստեղծագործող, ասելիքով մարդկանց: Ես շատ եմ սիրում իմ երկիրը, բայց որ տեսնում եմ՝ շուրջս ինչ է կատարվում, վիրավորվում եմ, իմ այդ մեծ սիրո ու նվիրումի դիմաց ես ոչինչ չեմ ստանում: Հավատացե՛ք, բոլոր արվեստագետներն են նվիրված իրենց գործին: Սրանք պարզապես խոսքեր չեն, խենթի նման վազում ենք փորձի, բա ո՞նց կարելի է այդ մարդկանց նեղացնել:  
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 616 համար




Լրահոս