Բունդեսթագի կողմից բանաձի ընդունումը պատմական հարված է Գերմանիայում մեծ սփյուռք ունեցող Թուրքիային. Հայկ Դեմոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց` ունենալով ընդամենը մեկական դեմ և ձեռնպահ ձայներ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով բանաձևի տեքստի մասին քննադատություններին, նշեց, որ եթե իրեն հարցնելու լինեն, թե իր համար որն է  կարևոր, կպատասխանի այն, որ Գերմանիան ընդունում է իր մեղսակցությունը:

«Դա շատ կարևոր է, քանի որ Ավստրիայի ճանաչումից և Գերմանիայի նման փաստաթղթի ընդունումից հետո արդեն Թուրքիան մնում է միայնակ Ցեղասպանության հետ առերեսվելու խնդրում, որը հոգեբանական առումով իսկապես վատ վիճակի մեջ է դնում Անկարային»,- նշեց նա:

Դեմոյանը բանաձևի տեքստը երկար չմեկնաբանեց, սակայն հիշեցրեց, որ փորձ է արվել հնարավորինս մեղմացնել այն, մինչդեռ տեքստում արձանագրված է, որ կատարվածը Ցեղասպանություն է: Անդրադառնալով Թուրքիայի քայլերին, մասնավորապես, դեսպանի ետ կանչմանը, Դեմոյանը նկատեց. «Դա կանխատեսելի էր, բայց այս պարագայում մի բան է, երբ  Ֆրանսիան է ճանաչում, մեկ այլ բան` երբ Գերմանիան: Գերմանիայում կա բավական ազդեցիկ թուրքական սփյուռք, մյուս կողմից Գերմանիան Թուրքիայի դաշնակից երկիրն է եղել, և այստեղ հարվածը մեծ է: Սա պատմական հարված է Թուրքիային»,- հավելեց նա:




Լրահոս