ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների շուտափույթ կարգավորման հույս է հայտնել: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ստոլտենբերգն ասել է Բեռլինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, իսկ Հայաստանը՝ մեր արժեքավոր գործընկերը: Այսօր Գերմանիայի խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությունն այն հարցը չէ, որում ներգրավված է ՆԱՏՕ-ն: Ես հույս ունեմ, որ մենք շուտով ականատես կլինենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: Կարևոր է, որպեսզի մենք բոլորս մասնակցություն ունենանք երկու երկրների միջև կոնֆլիկտների կանխարգելման ու լարվածության նվազեցման գործում»,-ասել է Ստոլտենբերգը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: