Գերմանական Բունդեսթագի կողմից պաշտոնապես Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միջագային հանրության ուշադրությունն է սևեռում այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շարունակում է աջակցել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը դեռևս անպատիժ հանցագործության համար: Այս մասին ասված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:
«Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, որում ազնվորեն ընդունվում է մինչ այս պահն անպատիժ մնացած հանցագործությանը Գերմանիայի մասնակցությունը, հետագայում նպաստելու է Թուրքիայի մեկուսացմանն այն պարագայում, երբ այն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Բարաք Օբամայի վարչակարգի՝ Անկարայի ժխտողական քաղաքականությանը նպաստելուն», ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Համփարյանը:
Համփարյանը հավելել է, որ Օբաման դեռ ժամանակ ունի Գերմանիայի օրինակին հետևելու, Թուրքիայի ժխտողականությունը մերժելու և ազնվորեն Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար:
Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև: