Երեւանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում մայրաքաղաքի կանաչ մակերեսն ընդհանուր առմամբ կհասնի 850.0 հա-ի:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման ու կանաչապատման ոլորտում կայուն եւ շարունակական զարգացում ապահովելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առանձնակի կարեւորվել է նաեւ Երեւանն անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը: 2013թ.-ի ծրագրերով այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել “Փարոս” անտառպուրակի, “Հաղթանակ” զբոսայգու եւ Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ աշնանը նաեւ ծառատունկ է նախատեսվում: Ոռոգման ցանցի ընդլայնման 2013թ.-ի ծրագրի շրջանակում շուրջ 70 հա կանաչ մակերես արդեն լիովին ոռոգելի է դարձել:
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տարեսկզբից մեկնարկած աշխատանքների արդյունքում տնկվել է շուրջ 40 հազար ծառ եւ թուփ, կրապատվել են 34 հազար եւ ձեւավորվել՝ 16 հազար տարբեր տեսակի ծառեր: Մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքներն արդեն զարդարում են շուրջ 2 մլն բազմերանգ ծաղիկներ: Այդ թվում, տնկվել է շուրջ 300 հազար վարդակակաչ եւ 12 հազար վարդի թուփ: Արդյունքում մայրաքաղաքի ծաղկանոցների ընդհանուր տարածքն այս տարի կազմել է 6.8 հա, որը 1.1 հա-ով ավելի է 2012թ.-ի ցուցանիշից:
Կանաչապատման ծրագրի շրջանակում ընդլայնվել է նաեւ սիզամարգերի ծավալը: Անցած ժամանակահատվածում ստեղծվել են շուրջ 4 հա նոր սիզամարգեր, թարմացվել են գոյություն ունեցող եւս 16 հա սիզամարգերը: Մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանաչ տարածքներում եւ սիզամարգերում տեղադրվել են շուրջ 70 գեղարվեստական կոմպոզիցիաներ, դեռեւս ընթացքի մեջ են եւս 20-ի տեղադրման աշխատանքները: