Պատգամավոր և տաքարյուն երիտասարդ պատանիներ՝ տարբեր քաշային կատեգորիաներ են. Գուրգեն Արսենյանը` որդու մասնակցությամբ ծեծի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ապրիլի 17-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Աբովյան փողոցի 39 հասցեում գործող «Կրիստալ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքը աղմկալի դարձավ, քանի որ միջադեպին մասնակցել են ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, Գուրգեն Գրիգորյանը, Արմեն Ներսիսյանը, Ռաֆիկ Թումանյանն ու Վարդան Վարդանյանը: Նրանցից մեկը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է:
Նրանք գիշերային ակումբից դուրս գալուց հետո վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկաներով` քարերով եւ փայտերով, բռնություն գործադրել միմյանց նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Թեեւ կողմերից որեւէ մեկը որեւէ մեկի դեմ բողոք չի ներկայացրել, գործում տուժող չկա ներգրավված, այնուամենայնիվ, պատգամավորի որդին մեծ շուքով կալանավորվեց, նրա ընկերների նկատմամբ հետախուզում հայտարարվեց, ապա նրանք եւս կալանավորվեցին, իսկ ՊՆ աշխատակիցն ու նրա ընկերը գրավի դիմաց ազատ արձակվեցին:

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը եւս, որը ինքնակամ ներկայացել էր իրավապահներին, նախօրեին՝ երեկոյան, ազատ արձակվեց: Ինչպե՞ս դա ստացվեց:

«Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ զրուցեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ:

-Նախօրեին՝ երեկոյան, խուլիգանության բավականին ծանր հոդվածով «մեծ շուքով» կալանավորված Ձեր որդին անաղմուկ ազատ արձակվեց: Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց նրան ազատել բանտից:

-Նախ ասեմ, որ անձնական վիրավորանքներից բռնկված երիտասարդ տղաների կռիվ է, դա տղաների կռիվ է, եւ կարծում եմ՝ պետք չէ դարձնել այդքան լուրջ թեմա: Պատգամավոր եւ տաքարյուն երիտասարդ պատանիներ՝ տարբեր քաշային կատեգորիաներ են, եւ պետք չէ փոխկապակցել իրար:

Երիտասարդների միջեւ անձնական վիրավորանքներից բռնկված միջադեպ է եղել, եւ ես, որպես ծնող, կատարել եմ իմ պարտքը եւ իրավական պաշտպանությունն եմ ապահովել, իսկ թե ինչ հիմքերով փոխվեց կալանավորումը, կարծում եմ՝ դա արդեն փաստաբանների բերված փաստարկների հիման վրա է արվել, որի մասին մամուլում բավականին խոսվեց, քննարկվեց, եւ կարծում եմ՝ այդ հարցով կարող եք դիմել իրենց, եթե գործի իրավական կողմն այդքան հետաքրքրում է Ձեզ:

-ԱԺ պատգամավորի՝ Ձեր կամ Ձեր գործընկերների երաշխավորագիրը ինչ-որ դեր ունեցե՞լ է այս գործում:

-Պետք է կրկնվեմ՝ պատգամավոր Գ. Արսենյանին մի խառնեք անձնական վիրավորանքների հիման վրա բռնկված երիտասարդների վեճին, ես պատգամավորին տրված իմ այդ լիազորությունից չեմ օգտվել, քանի որ օրենքով տրված իմ այդ լիազորությանն ավելի լուրջ եմ վերաբերվում, եւ այս միջադեպում այդ հնարավորությունը որեւէ կերպ կիրառելի չէր, ըստ ինձ:

– Իսկ ազդեցիկ զա՞նգ դատախազությանը կամ քննչական կոմիտեին:

-Հեռախոսային օպերատորների կամ հեռախոսավարների գործառույթներին առնչվող հարցերին չեմ կարող պատասխանել: Միայն կարող եմ վստահեցնել, որ ինքս որեւէ պատկան մարմնին այդ հարցով չեմ զանգահարել կամ անհանգստացրել: Ներկա պահին նախաքննություն է ընթանում, փաստաբանները զբաղվում են, այստեղ Գուրգեն Արսենյանն հաստատ անելիք չունի, քանի որ պատգամավոր է, այլ ոչ թե փաստաբան կամ իրավապաշտպան:

-Ստացվում է, որ Դուք մի կողմից պայքարում էիք խուլիգանների դեմ, փողոցում հայտնի դանակահարության պատմությունը նկատի ունենք, մյուս կողմից՝ իրավապահները Ձեզ ներկայացրին խուլիգանությունը այս անգամ ներսից: Ինչ-որ զուգամիտում տեսնո՞ւմ եք երկու միջադեպերի միջեւ:

-Ես կարծում եմ՝ կյանքում յուրաքանչյուր մարդ պետք է պատասխան տա իր արարքների համար, իմ որդին բացառություն չէ: Հավատում եմ, որ իրավապահ մարմինները կքննեն գործը, եւ տաքարյուն երիտասարդները կտարբերակեն կարելին չիկարելիից:

Իսկ այդ Ձեր կողմից հիշատակված հայտնի դեպքի եւ այս միջադեպի միջեւ զուգահեռներ անցկացնելը, համենայնդեպս ինձ համար, նվազագույնը տարօրինակ է, եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր բանականություն ունեցող մարդ զուգահեռներ անցկացնել կամ նույն հարթության վրա չի կարող դիտարկել այդ 2 դեպքերը:

Ի վերջո, ես հավատում եմ, որ իրավապահ մարմինները 2 դեպքում էլ օբյեկտիվ կքննեն գործերը, եւ ըստ օրենքի՝ պատասխանատվություն կկրեն բոլորը: Իսկ ինչ վերաբերում է խուլիգանության դեմ պայքարին, ապա յուրաքանչյուր հասուն մարդ, հատկապես հասուն, կայացած տղամարդ, պետք է պայքարի խուլիգանության դեմ:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ




Լրահոս