Արցախում տարածքներ կորցնելու մասին Ժիրայր Սէֆիլյանի կատարած բացահայտումից հետո ռեժիմը պարտվեց նրա դեմ իր իսկ սանձազերծած քարոզչական պայքարում, ուժային համակարգում և դրան հարակից շրջանակներում սկսեցին ասեկոսեներ տարածվել, որ Ժիրայր Սէֆիլյանը և նրա ընկերները նպատակ ունեն բռնի մեթոդներով ներքաղաքական հարցեր լուծել:
Զարմանալի «զուգադիպությամբ» երկրում քաղաքական իրավիճակի լարվածության և Ժիրայր Սէֆիլյանի հասարակական-քաղաքական ակտիվության բոլոր դեպքերին նախորդում է նրա կերպարի հրեշացման, ինչպես նաև նրա կենսագրության և անձի վերաբերյալ վիրավորական ու պիտակավորող բնույթի անհիմն և կեղծ տեղեկությունների կիրառմամբ զանգվածային քարոզարշավ, ինչին, որպես կանոն, հաջորդում են բռնությունն ու հալածանքը: Դրանցից առավել հայտնի են Բերձորի, Ցեղասպանության 100-ամյակի, Բաղրամյան պողոտայի և սահմանադրական հանրաքվեի հետ կապված դեպքերը:
Նույնպիսի զարմանալի «զուգադիպություն» է տեղի ունենում նաև ներկայումս: Վերը նշված ասեկոսեները արագորեն ծավալվեցին գրեթե ամբողջ ուժային համակարգում, երբ մենք հայտարարեցինք Ազգային դիմադրության կոմիտե ձևավորելու մեր նախաձեռնության մասին և այն կյանքի կոչելու համար որպես բանագնաց լիազորեցինք Ժիրայր Սէֆիլյանին, այնուհետև զուգահեռաբար հայտարարեցինք, որ շաբաթ օրը՝ հունիսի 4-ին, Հաղթանակ զբոսայգում հրավիրում ենք կամավորների առաջին ներկայացուցչական հավաքը:
Դժվար չէ հասկանալ, որ նման գործելակերպով փորձ է արվում մի շարք խնդիրներ լուծել, մասնավորապես՝ ուժային համակարգում թուլացնել Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ առկա հավատն ու համակրանքը, վերականգնել Սերժ Սարգսյանի զրոյացած հեղինակությունը, հավանական կամավորների շրջանում կասկածներ սերմանելու միջոցով հնարավորինս ձախողել նրանց հավաքագրման գործընթացը, ինչ որ չափով կայունացնել խարխլվող համակարգի ներքին վիճակը և այլն:
Սերժ Սարգսյանն ըստ երևույթին ձգտում է ամեն գնով վրեժխնդիր լինել իր գլխավոր քաղաքական հակառակորդի նկատմամբ: Թերևս նրան հանգիստ չի տալիս այն հանգամանքը, որ Ժիրայր Սէֆիլյանի բացահայտումից հետո ժողովրդի շրջանում գրեթե համոզմունքի խորության է հասել իր դավադիր և դավաճան լինելու մասին տեսակետը:
Կրկին հայտարարում ենք, որ կամավորների հավաքագրումը հրապարակային գործընթաց է և բացառապես միտված է հակառակորդին ծնկի բերելու ու Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով հասարակական հիմունքներով մոբիլիզացիոն ռեսուրսի ձևավորմանը:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն