Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկել է “Կաթվածի բուժումը” գիտաժողովը, որի նպատակն է միջազգային առաջատար փորձի ներդրումով Հայաստանում կիրառել գլխուղեղի բոլոր անոթային հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդները։
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն ասել է.”Այս գիտաժողովն առաջին հերթին կարևորվում է հենց նրանով, որ “թևակոխում ենք մի նոր փուլ` նպատակ ունենալով միջազգային առաջատար փորձի ներդրումով Հայաստանում ստեղծել գլխուղեղի բոլոր անոթային հիվանդությունների մասնագիտացված տարածաշրջանային կենտրոն, որը կարող է սպասարկել ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան երկրների ազգաբնակչությանը”։
Նախարարը նաև նշել է, որ այս ոչ դյուրին ուղին հաղթահարելու գործին կրկին աջակցելու պատրաստակամություն են հայտնել միջազգային ճանաչում ունեցող, ներկայումս ԱՄՆ-ի ու Կանադայի առաջատար բժշկական հաստատություններում աշխատող մեր գործընկերներըե:
Դերենիկ Դումանյանը վստահություն է հայտնել, որ գիտաժողովը լուրջ խթան կհանդիսանա գլխուղեղի կաթվածների բուժման գոյություն ունեցող ժամանակակից նորամուծությունները և գիտական նվաճումները մեր երկրում, մասնավորապես, ԵՊԲՀ-ի նյարդավիրաբուժության կլինիկայում ներդնելու, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման գործում։
Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Ջորջիայի նյարդավիրաբուժության ինստիտուտի ընդհանուր և անոթային նյարդավիրաբուժության մասնագետ, Մերսերի համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի դոցենտ Արթուր Գրիգորյանի, Վարուժան Կոստանյանի, ինչպես նաև ամերիկացի գործընկերների աջակցությամբ Երևանի պետական բժշկական համալսարանի “Հերացի” հիվանդանոցային համալիրում հիմնադրվեց անոթային նյարդավիրաբուժության մասնագիտացված կենտրոն` հագեցված ժամանակակից սարքավորումներով և արտերկրում վերապատրաստված մասնագետներով: