Հերթական «աղմուկը» «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. պետն ընդդեմ «գողականների»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ դատապարտյալները աղմուկ են բարձրացրել եւ փորձել են ինքնավնասել իրենց: Բանն այն է, որ ըստ դատապարտյալների՝ ՔԿՀ նորանշանակ պետ Սերոբ Հարությունյանը դուրս է եկել ՔԿՀ-ի քրեական աշխարհի ներկայացուցիչների դեմ:

Դեռեւս մայիսի 4-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ստուգումներ էին իրականացվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ինչի արդյունքում դատապարտյալների մոտ խիստ դժգոհություն էր առաջացել: Կալանավորների հարազատները պատմել էին, որ իրենք բանտարկյալներին դրսից սննդամթերք ու ծխախոտ են ուղարկում, որը պահվում է քրեակատարողական հիմնարկի հատուկ խցում, եւ ներքին չգրված կանոնադրության համաձայն՝ այն պետք է տարածեն, այսպես ասած, «զոն նայողները»: Այսինքն՝ որոշեն, թե ում ինչքան բաժին է հասնում ուտելիքից, որպեսզի «արդար» լինի: Այս բարքերը նոր չէ, որ դրվել եւ գործում են կալանավայրերում: Եւ որեւէ բանտապետ չէր կարող շեղվել այս եւ այլ բարքերից, նրանք ստիպված էին լինում համակերպվել ու գործել այդ պայմաններում:

Բայց երբ ստուգումներ իրականացվեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, խիստ չարաշահումներ հայտնաբերվեցին, ինչի արդյունքում ժամանակավոր դադարեցվեցին «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները, եւ արձանագրված չարաշահումների մասով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` հրուցվեց քրեական գործ (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը… պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով):

Նրանք կուլիսներում արդեն մեղադրում էին հանցագործ աշխարհի հետ ուղիղ կապի մեջ մտնելու համար: Դրա համար էլ նորանշանակ պետ Սերոբ Հարությունյանը դուրս է եկել դատապարտյալների եւ ՔԿՀ-ի «գողական» աշխարհի ներկայացուցիչների դեմ:

Ու այս դժգոհության մասին ահազանգեր հնչեցին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն: Ահազանագողը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Մելիքյանն է, որն ազատազրկման է դատապարտվել գողության համար: Նա պատմեց, որ երեկ՝ վաղ առավատից, ՔԿՀ-ում լարված վիճակ է: «Մեր իրավունքները ոտնահարված են, եթե այսպես շարունակվի, դատապարտյալները առավել վատ քայլերի կդիմեն»,- ասաց նա:

Իսկ ի՞նչն է վրդովեցրել դատապարտյալներին. «Մեր խցում վերանորոգում է գնում: Մինչ այդ կոյուղու ջրերը լցվում էին խուցը, առաստաղը կախված էր, ու մենք որոշեցինք վերանորգել մեր պատժախուցը: Բայց էս նոր պետը եկավ ու նախ հրահանգեց խցի դռան վրա գտնվող դիտանցքերը փակել: Հիմա ներկի հոտը լցվում է խուց, ու օդ չկա շնչելու: Նախկինում դռան դիտանցքերը բաց էին, իսկ հիմա սա էլ են փակում մեզ վրա: Դրա համար դատապարտյալները գնացին ինքնավնասման. երկու հոգի իրենց թուք են ներարկել, իսկ մեկն էլ պատրաստվում է ոտքերը մեխել»:

Բայց սա դատապարտյալների միակ դժգոհությունը չէ: Քրեակատարողական հիմնարկի 3-րդ հարկի խցի դատապարտյալներն էլ, որոնց անունները հարգելի պատճառով չենք հրապարակում, պատմեցին, որ պահանջում են կալանավայրում իրենց հասանելիք տաք կերակուրը (պետական ճաշը), սակայն չեն տալիս: Թե ինչու, դատապարտյալները չկարողացան հայտնել` կասկած հայտնելով, որ նոր պետ Սերոբ Հարությունյանը պատերազմ է հայտարարել ՔԿՀ-ի բարքերի ու քրեական աշխարհի դեմ:

«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունից պարզել, թե ինչ է կատարվում «Նուրաբաշեն» ՔԿՀ-ում, ինչու են դատապարտյալները հերթական անգամ աղմկում: Սակայն նկարագրված բոլոր տեղեկությունները ՔԿՀ վարչությունից հերքեցին՝ ասելով, թե «իրականությանը չի համապատասխանում»:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը, որին, ըստ լուրերի, մարտի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից հեռացրեց «կրիմինալի» հետ խնջույքների մասնակցելու համար, խիստ դասեր է քաղել ու, ըստ էության, պայքար սկսել քրեականների դեմ: Որքանով այս ամենը արդյունք կտա, դժվար է ասել, բայց փաստ է, որ ՔԿՀ-ում նոր խմորումներ են:

Քնար Մանուկյան




Լրահոս