ԵՐԵՔ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀ ՄԵԿ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ն արդեն գրել էր, որ ԼՂՀ N զորամասերից մեկում հուլիսի 30-ին,  ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած Արման Մուրադյանը զորամասի միակ ինքնասպան եղած զինվորը չէ: Ապրիլի 19-ին նույն զորամասում ինքնասպան էր եղել նաեւ Րաֆֆի Մարաշյանը: Բայց սա էլ դեռ ամենը չէ. “Ժողովուրդ”-ը բացահայտեց, որ այս տարվա մարտի 20-ին մահացու հրազենային վիրավորում ստացած Վոլոդյա Ավագյանը եւս նույն զորամասի ժամկետային զինծառայող էր:
Այս երեք դեպքերը գալիս են փաստելու, որ ՀՀ ռազմական ոստիկանությունում պարզապես քնած են, քանի որ ամիսների հաջորդականությամբ զորամասում իրավիճակը անվերահսկելի է մնում: Արդյո՞ք մեկ մայոր, վաշտի հրամանատար ձերբակալելով կամ զորամասի հրամանատար փոխելով՝ հնարավոր է իրավիճակը փոխել: Դատելով ընթացող զարգացումներից՝ ամենեւին էլ ոչ: ՀՀ ՌՈ-ն պարտավոր է ոչ միայն գնալ արդեն կատարված հանցագործությունների հետեւից, այլեւ կանխել ու նախականխել դրանք: 
Հիշեցնենք, որ երբ զինծառայող Արման Մուրադյանի ինքնասպանության դեպքը եղավ, գործով կալանավորվեց զորամասի գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր Էմիլ Ավետիսյանը, Վոլոդյա Ավագյանի մահվան փաստով ձերբակալվեց մի ժամկետային զինծառայող, Րաֆֆի Մարաշյանի ինքնասպանության դեպքից հետո ,Ժողովուրդե-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է վաշտի հրամանատար Զավեն Նազարյանը: Իսկ զորամասի հրամանատար Սմբատ Գրիգորյանին առավել “դաժան” պատիժ են տվել՝ փոխել են նրա պաշտոնը: 
Երբ զրուցեցինք Ա. Մուրադյանի հոր՝ Էմիլ Մուրադյանի հետ, նա հայտարարեց, թե իր տղային ինքնասպանության է հասցրել զորամասի մայոր Էմիլ Ավետիսյանը: Իսկ Վ. Ավագյանի ծնողները առայժմ ոչինչ չգիտեն իրենց որդու մահվան մասին: Միայն ասվել է, որ իրենց որդին պատահականության զոհ է դարձել: Թե ինչ պատահականության մասին է խոսքը, նրանց դեռ ոչինչ հայտնի չէ: 
Ինչեւէ, 19-ամյա Ր. Մարաշյանի ինքնասպանության մանրամասները պարզելու նպատակով “Ժողովուրդ”-ն այցելեց նրանց տուն: Ինքնասպան եղած զինվորի հայրը՝ Լեւոն Մարաշյանը, պատմեց, որ իր որդին 9 ամսվա զինծառայող էր ու մինչ այդ դեպքը որեւէ խնդիր կամ դժգոհություն ծառայությունից չի ունեցել. “Դեպքը տեղի է ունեցել դիրքերում, երբ երկու օր էր մնացել, որ որդիս իր ծառայակից ընկերների հետ պետք է իջներ դիրքերից, հրամանատարը գալիս ու հայհոյում է բոլորինե: Իսկ ի՞նչն է եղել պատճառը. մեր հարցին հայրը պատասխանեց. “Սուրճ են պատրաստել, եւ Րաֆֆին այդ սուրճի ամանը մտցրել է վառարանի մեջ, որ եփի: Ամանը, բնականաբար, մրոտվել է: Ու երբ հրամանատար Զավեն Նազարյանը եկել տեսել է ամանն այդ վիճակում, բարկացել է ու հետաքրքրվել, թե ով է արել: Տղաները ձայն չեն հանել: Ու հրամանատարը մրոտողի հասցեին էլ հեր, էլ մեր, էլ հայրենիք… մի խոսքով, սարսափելի հայհոյանքներ է տվել ու գնացելե: Ինչպես երեւում է, հրամանատարի հայհոյանքը ճակատագրական ավարտ է ունեցել:
Ըստ Րաֆֆիի մայրիկի՝ Ռուզաննայի, երբ ապրիլի 19-ին զինվորները պատրաստվել են դիրքերից իջնել զորամաս, տղաների միջեւ լուրջ խոսակցություն է սկսվել. “Թե հայհոյանքն ում վրա մնաց, սենց չի կարա այս պատմությունը մնա, իջնենք զորամաս, այդ թեման պիտի քննարկենք, չաստ նայողին ասենք ու նման բաներ: Այս խոսակցությունից հետո Րաֆֆին ինքնասպան է եղել: Մեզ ասում են, որ անգամ ականատես չկա: Բայց ես վստահ եմ, որ ինքը չէր կարող նման բան անել, ուղղակի իր ինքնասիրության հարցն է եղել: Ինչ աստիճանի են հասցրել որդուս: Եթե չի եղել բացահայտ վեճ, հրամանատարը հայհոյել գնացել է, ինչո՞ւ են ծառայակից ընկերները շարունակել խոսակցությունը: Վստահ եմ, որ ինչքան հրամանատարն է մեղավոր այս պատմության մեջ, այդքան էլ ծառայակից ընկերները”:
Րաֆֆիի ծնողներն այժմ սպասում են դատարանում հրամանատարի հետ հանդիպմանը.”Ես զորամասում ասացի, որ ուզում եմ տեսնել հրամանատարին, սակայն ինձ թույլ չտվեցին: Ոչինչ, դատարանում կտեսնեմ ու կլսեմ, թե ինչ է ասելու: Ես սա այսպես չեմ թողնելու, երեխա մեծացնես, ուղարկես բանակ… դա բանա՞կ է, թե՞ գաղութ: Ոտքդ երկու քայլ այլ ուղղությամբ գցեցիր՝ թեմա է, բաժակը ճիշտ չդրեցիր՝ թեմա է: Թող պաշտպանության նախարարը շարքային զինվորի շոր հագնի եւ գնա զորամասեր, տեսնի, թե ինչ է կատարվում բանակում: Ախր հո գովելո՞վ չէ: Մրոտված սուրճի ամանը մաքրեցին, տեղը դրեցին, իսկ իմ որդին ո՞ւր է”: 
Զինվորի հայրն ասաց, որ վերջին անգամ զրուցել է իր որդու հետ հայհոյանքի շուրջ խոսակցություն ունեցած ժամկետային զինծառայող Ալբերտի հետ. “Նա ինձ պատմեց, թե ասել է, որ դիրքերից կիջնեք զորամաս, կխոսենք: Հիմա ոչ մի վկա չկա, որ իմանանք, թե այդ Ալբերտի հետ ինչ են խոսել: Մի խոսքով, այն վիճակն են ստեղծել, որ տղաս կա՛մ իրեն պետք է խփեր, կա՛մ հրամանատարին, քանի որ լավ տղու խոսակցություն է եղել: Կրկնում եմ, ես սա այսպես չեմ թողնելու”: 
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 616 համար




Լրահոս