Գերմանիան վախենում է, որ Բունդեսթագի կողմից 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կարող է խզել Թուրքիայի հետ երկկողմ համագործակցությունը, գրում է գերմանական Der Spiegel պարբերականը:
Նշվում է, որ խոսքն առաջին հերթին ռազմական ոլորտում համագործակցության, մասնավորապես, Թուրքիայի տարածքում գերմանական «Տորնադո» հետախույզ ինքնաթիռների դիսլոկացիայի և Էգեյան ծովով ներգաղթյալների անօրինական ներթափանցման դեմ համատեղ առաքելության մասին է:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 2-ին քվեարկության նախաշեմին Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Թուրքիայի հնարավոր արձագանքը: Նրանք եզրահանգման են եկել, որ հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «կամայականությունն ու անկանխատեսելիությունը», անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բացասական հետևանքների մասին:
Spiegel-ը հիշեցնում է, որ Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում ԳԴՀ ռազմավարական գործընկերն է:
Բացի այդ, պարբերականը նշում է, որ բանաձևը կարող է խոչընդոտ հանդիսանալ Թուրքիայից Հունաստան ներգաղթյալների անօրինական բիզնեսի դեմ պայքարի հարցով ՆԱՏՕ-ի առաքելության իրականացմանը: