ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունները սառը ցնցուղ էին ՀՀ իշխանությունների համար: Բանն այն է, որ երեկ Հայաստան կատարած այցի շրջանակներում նա բաց տեքստով հայտարարել է` Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը չի կարող նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ԵՄ-ի հետ որեւէ փաստաթուղթ նախաստորագրել: Ու սա այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները շարունակում են պնդել, որ իրենք, այնուամենայնիվ, նախաստորագրելու են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:
Ֆյուլեն հայտարարել է, թե ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագիրը փոխկապակցված են միմյանց հետ, նրանք մեկ ամբողջական փաթեթի բաղադրիչներ են, եւ անհնար է մեկը ստորագրել, մյուսը` ոչ. «Ասոցացման համաձայնագիրը եւ ազատ առեւտրի պայմանագիրը կապված են միմյանց հետ, դուք չեք կարող դրանք տարանջատել»: Մյուս կողմից Ֆյուլեն ասել է, որ եթե ՀՀ իշխանությունները ցանկանում են ունենալ նոր իրավական շրջանակ, որը հնարավորություն կտա առաջ մղել երկկողմ հարաբերությունները, ապա իրենք ուրախ կլինեն:
Ուշագրավն այն է, որ Ֆյուլեն իր հայտարարություններն արել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հավաստիացումներից հետո, թե Հայաստանն Արեւելյան գործընկերության շրջանակներում պատրաստվում է շարունակել համագործակցությունը եւ ակնկալում է, որ հաջողված համագործակցությունը շարունակություն կունենա: Ավելին, երեկ Ֆյուլեն նաեւ ակնարկել է, որ ԵՄ-ն չի եղել գործընթացի վրա քար գցողը. «Մենք մեր գործընկերների առջեւ դռներ չենք փակել, եւ երկրորդ` եղել է շատ ինտենսիվ գործընթաց արդեն երեքուկես տարի»: Ֆյուլեն խոսել է նաեւ ՌԴ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ ճնշումների մասին, ինչը, ի դեպ, իրենց հայտարարություններում շեշտել են ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչները: «Հայաստանում իմ գործընկերները հավաստիացրին, որ որեւէ ճնշում չի եղել Հայաստանի նկատմամբ` կայացնելու համար այդ ընտրությունը: Ես ո՞վ եմ, որ հարցականի տակ դնեմ այդ հավաստիացումները: Միեւնույն ժամանակ, մեր քննարկումներում ընդամենը երկու օր առաջ մեր գործընկերներից ոմանք բողոքեցին, որ ավելանում են ճնշումները տարբեր ձեւերով»,-ասել է նա:
Ավելի ուշ Ֆյուլեն հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել ստեղծված իրավիճակը:
ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ ԵՎ ՎԵՐՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ