ՇՏԱՊԵՑ
Երեկ «Ժողովուրդ»-ի լրագրողը փորձել է ՀՀ Արդարադատության նախարար նշանակվեց Հրայր Թովմասյանից պարզել արդյո՞ք դատական կարգադրիչների ծառայությունում բացահայտված խոշոր յուրացումների մասին նախարարը տեղյակ չի եղել մինչ բացահայտումը եւ պատասխանատվություն չի՞ կրում արդյոք նա՝ պետությանը հասցված ավելի քան 300 մլն դրամի համար: Սակայն ՀՀ Կառավարության շենքի հետնամուտքից դուրս եկող Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ընդամենը հայտնեց, թե՝ «Ժամանակ չունեմ շտապում եմ»:
ԼԱՐՎԱԾ ԵՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` ադրբեջանական ու թուրքական ծագմամբ մթերքի ներկրումը թույլատրող հրամանից հետո Հայաստան են ներկրվել թուրքական ծագմամբ մի քանի տեսակի ապրանքներ:
Ըստ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրավասություն ունի Թուրքիայից բերված ապրանքները լաբորատոր փորձաքննության ենթարկելու, սակայն «բավարար կամք չունի»: Թուրքիայից բերվել են կիտրոն, մաստակների տեսականի, խմորիչ, սննդային հավելումներ, պարենային եգիպտացորենի հատիկներ, սակայն լաբորատոր փորձաքննության ենթարկվել են միայն մաստակները: Երկու կողմերի համագործակցությունը կլիներ այն դեպքում, երբ վերահսկողություն լիներ: Բայց քանի դեռ այն բացակայում է, փաստացի հարվածի տակ է ընկնում գյուղնախարարը, որովհետեւ իր կողմից տրված հրամանը մնում է «օդում կախված»: Սակայն սա ունի մեկ այլ պատճառ: Ըստ «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկությունների՝ Սերգո Կարապետյանի եւ ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանի աշխատանքային հարաբերություններն ի սկզբանե լարված են: Ավելին, Բախչագուլյանը նույնիսկ չի մասնակցում ԳՆ-ում անցկացվող նիստերին եւ սրտատրոփ սպասում է այն օրվան, որ ծառայությունը կառանձնացվի գյուղնախարարության կազմից: Ահա թե ինչ է ստացվում, երբ երկու չինովնիկ իրար հետ աշխատելու փոխարեն «թշնամություն» են անում: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց Ս. Կարապետյանի մամլո խոսնակ Անի Սմբատյանին, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Նման բան չկա: Գյուղնախարարի եւ ծառայության պետի հարաբերություններն աշխատանքային են»:
ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈ՞ՒՄ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը գնահատում է որպես լուրջ քաղաքական քայլ: «Դա ռազմավարական ընտրություն է,-երեկ Մինսկում հայտարարել է Սլեպնյովը` հավելելով,-պետք է ձգտել, որպեսզի Հայաստանը դառնա Եվրասիական տնտեսական միության համահիմնադիր, ուստի լրիվ իրատեսական է մեկ տարվա ընթացքում Մաքսային միությանը միանալու շուրջ աշխատանքների ամփոփումը»:
ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ
Մեծ Բրիտանիան շատ է ցանկանում, որ Հայաստանը շարունակի իր համագործակցությունը Եվրոպայի հետ, բայց նաեւ ցանկանում է, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ: Այս մասին Գյումրի այցելության ժամանակ «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը:
«ՀԱՎԱՔՈՒՄ» ԵՆ
Ըստ «Առավոտ»-ի՝ երեկ՝ մինչ ուշ գիշեր, շարունակել են ոստիկանություն հրավիրել ու հարցաքննել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ողջ շրջապատին, քաղաքապետարանի բոլոր նախկին աշխատակիցներին ու առհասարակ նրանց հետ առնչություն ունեցող մարդկանց: Ոստիկանություն են հրավիրվել «Գյումրեցի ընկերներ» շինկազմակերպության պատասխանատուներն ու աշխատակիցները: Այս կազմակերպության վերադասին կասկածում են փողոցների ասֆալտապատման նպատակով դուրս գրված 250 միլիոն դրամ գումարը յուրացնելու մեջ: Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ այն պատկանում է Վ. Ղուկասյանի որդուն` Սպարտակին, ու նրա ամենամոտ ընկերոջը` Արման Բադալյանին: Խոսքն այն շինկազմակերպության մասին է, որը Վ. Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ զբաղվում էր քաղաքի փոսալցմամբ ու ասֆալտապատմամբ: