ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ԱԿԱԴԵՄԻԱ
ՀՀ կառավարության որոշմամբ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում կգործի արդարադատության ակադեմիա, որը կփոխարինի  դատական  ու դատախազական դպրոցներին: Ակադեմիան կհիմնվի Երեւանի Փիրումյանների փողոցում: Այն կպատրաստի դատավորների ու դատախազների թեկնածուներին:

ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
ՀՀ սահմանադրական բարեփոխումների  նորաստեղծ հանձնաժողովը երեկ հրավիրել է իր անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, դրանց լուսաբանման կարգը, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման առանցքային խնդիրները:

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԷԺԱՆ
ՀՀ կառավարության երեկվա նիստում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել է, որ հայկական ատոմային էլեկտրակայանը միջուկային նյութեր արտահանելու լիցենզիա է ստացել եւ կարող է արտահանել 1979թ. եւ 1987թ. ներմուծված միջուկային վառելիքի 7 հավաքվածքները, որոնք շահագործել չի հաջողվել: Նա նշել է, որ միջուկային նյութերն արտահանելու են էժան՝ կգ-ն 5000 դոլարով: Դրանք ՌԴ-ի «ՏՎԷԼ» ընկերությունում կհարստացվեն եւ կբերվեն հարստացման համար անհրաժեշտ մակարդակի:

ԿԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Արեւելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակում Երեւանում երեկ տեղի է ունեցել կրթության նախարարների հանդիպում, որին մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության եւ երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուի, ԵՄ խորհրդում նախագահող Լիտվայի ԿԳ  նախարար Դաինիուս Պավալկիսի, Վրաստանի ԿԳ նախարար Թամար Սանիկիձեի, Ուկրաինայի ԿԳ փոխնախարար Եվգենի Սուլիմայի, Մոլդովայի կրթության փոխնախարար Լորետա Հանդրաբուրայի, Բելառուսի ԿԳ փոխնախարար Վիկտոր Յակժիկի եւ ՀՀ ԿԳ  նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունները:

ՐԱՖՖԻՆ ԷԼԻ ԿԽՈՍԻ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի՝ նվիրված ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին: Այս մասին երեկ ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը:

ԷԼԻ ՄՏԱՀՈԳՎԵՑԻՆ
ԵՄ պատվիրակությունը, ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ համաձայնեցնելով, երեկ հանդես է եկել հայտարարությամբ` արտահայտելով իր մտահոգությունը ՀՀ-ում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ գործադրվող ճնշումների կապակցությամբ: «ԵՄ պատվիրակությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին շուտափույթ եւ վճռական քայլեր ձեռնարկել այդ գործողություններն իրականացնողներին առանց հապաղման պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ:




Լրահոս