Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, ընդ որում, ձայների տպավորիչ պատկերով ընդամենը մեկ դեմ: Բանաձեւի ընդունումը, ինչպես եւ սպասելի էր, բավական ցավոտ արձագանք ունեցավ Թուրքիայում: Վարչապետ Բինալի Յըլդըրըմը այդ որոշումը անվանեց ծիծաղելի:
Սակայն Գերմանիայի պես հեղինակավոր երկրի կողմից Օսմանյան Կայսրության՝ մարդկության դեմ կատարած հանցագործության իրավական գնահատականը Թուրքիայի համար պարզապես չի կարող ծիծաղելի լինել: Այս որոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում առնվազն կարող է միջազգային քաղաքական օրակարգ ձեւավորել: Չնսեմացնելով Բեռլինի կատարած քայլի բարոյական կողմը՝ փորձենք հասկանալ դրա քաղաքական դրդապատճառները, որոնք կարեւոր դերակատարություն, այնուամենայնիվ, ունեցել են: Գերմանիան երկար ժամանակ այդ հարցում ցուցաբերում էր բավական զգուշավորություն, սակայն վերջին տարիներին այդ մոտեցումն աստիճանաբար փոխվեց: Անկարայի ու Բեռլինի հարաբերություններում որոշակի թյուրընկալումներ ու անվստահություն ի հայտ եկան: Նման անվստահության հիմքը, կարելի է ասել, բավական բազմաշերտ էր. խոսքը վերաբերում է թե՛ երկու երկրների, այսպես կոչված, էլիտար հարաբերություններին, թե՛ էթնիկ փոքրամասնություններին, թե՛ միգրացիոն խնդիրներին:
Նախ՝ պետք է նշել, որ արդեն երկար տարիներ Թուրքիան փորձում է եվրոպական այդ երկրին համոզել թուլացնելու միգրացիոն քաղաքականությունը: Պահանջ-առաջարկը չէր կարող բավարարել ԳԴՀ-ին, քանի որ այնտեղ, առանց այն էլ, բնակվում է 3 միլիոնից ավել էթնիկ թուրք, որոնք ապրում են բավական կոմպակտ, եւ դա արդեն սոցիալ-քաղաքական ու մշակութային լուրջ խնդիր է: Մերկելի կառավարությունը, որը սկզբնական շրջանում կողմ էր Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը, կամաց-կամաց սկսեց հետ կանգնել այդ մտքից՝ հասկանալով, որ 75 միլիոնանոց իսլամական երկիրը կարող է լուրջ ազդեցություն ունենալ եվրոպական քաղաքականության վրա եւ առաջացնել մշակութային խնդիրներ: Սա չէր կարող վրիպել թուրքական իշխանությունների աչքից, որոնք պարբերաբար փորձում էին գերմանական իշխանության վրա ճնշումներ բանեցնել՝ օգտագործելով այնտեղ բնակվող էթնիկ թուրքերի գործոնը: ԳԴՀ-ն էլ, ի պատասխան թուրքական ակտիվացումների, կիրառում էր Հայոց ցեղասպանության «մահակը»:
Դեռեւս անցյալ տարի՝ ապրիլի 23-ին, նախ՝ նախագահ Գաուկը դատապարտեց Ցեղասպանությունը, ապա՝ արտգործնախարար Շտայնմայերը հետեւեց նրան: Էրդողանը տվեց պատասխանը, որն էլ կարելի է համարել երկու երկրների հարաբերությունների սրման երկրորդ փուլը: Դրանից մի քանի շաբաթ հետո նա, այցելելով Գերմանիա, հանդիպել էր այնտեղ բնակվող էթնիկ թուրքերին եւ արել բավական զգայուն հայտարարություն: Քննադատելով գերմանական կառավարության կողմից իրականացվող ինտեգրացիոն քաղաքականությունը՝ Էրդողանը կոչ էր արել իր հայրենակիցներին կառչած մնալ իսլամական ավանդույթներին: Բնական է, որ սա հարաբերությունների վատթարացման նախադրյալ էր: Գնալ ուրիշ երկիր, քննադատել եւ սեփական ազգակիցներին, ովքեր, սակայն, տվյալ պետության քաղաքացիներ են, կոչ անել ապրելու այլ հասարակության օրենքներով ու կանոններով, սա չէր կարող աննկատ մնա:
Թուրքիայի ղեկավարի այդ ոչ դիվանագիտական պահվածքը պետք է ստանար արժանի պատասխան: Լավագույն պատասխանը, որից Թուրքիայում գրեթե սարսռում են, Հայոց ցեղասպանության հարցն է: Այսօր վերջնականապես Բեռլինը գնաց կտրուկ գործողությունների՝ ըստ էության, Անկարային բացահայտ մարտահրավեր նետելով: Բունդեսթագի կողմից բանաձեւի ընդունմամբ էլ ցույց տրվեց, որ այդ հարցում կա միասնականություն կառավարության եւ պառլամենտի միջեւ, ասել է, թե ամբողջ պետական ապարատի ու հասարակության: Սրանով էլ դրվեց սրացման երրորդ փուլի մեկնարկը:
Պատասխանը չուշացավ. այդ երկրի վարչապետն ու նախագահը հանդես եկան կոշտ հայտարարություններով, մինչեւ անգամ վարչապետը հիշատակեց 3.5 միլիոին թուրքերի գոյության մասին: Սակայն պետք է նշել, որ թուրքական էլիտան այս հարցում ցուցաբերում է բավական զգուշավորություն՝ հաշվի առնելով իր տարածքում բնակվող 15-20 միլիոին քրդերի գործոնը: Այդ հարցն էլ Բեռլինի ձեռքում բավական լավ հաղթաթուղթ է: Այն կարող է օգտագործվել ցանկացած պահի, մանավանդ, որ սրացումների համար մեծ ջանքեր պետք չեն. քրդերն առանց այն էլ բավական ռադիկալ են: Հաշվի առնելով գերմանական հատուկ ծառայությունների պատրաստվածության աստիճանը, որը Եվրոպայում համարվում է լավագույններից մեկը, նրանք կարող են հայտնի «proxy» կամ սուրրոգատ՝ միջնորդավորված, պատերազմի միջոցով Թուրքիայում քաղաքական անկայունությունը հասցնել գագաթնակետին:
Արման Սահակյան