ՏԱՄՈԺՆԻ ԳԱԳՈՆ ԵՎ ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում Վրաստանը մեր քաղաքացիներին մատչելի հանգիստ էր ապահովում, իսկ նրանց մեքենաներին՝ մատչելի անվադողեր: Սակայն հայ վարորդները զրկվեցին իրենց մաշված անվադողերը թարմացնելու հնարավորությունից, երբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարվա նոյեմբերի սկզբից հրահանգեց մաքսազերծել Վրաստանից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների նոր անվադողերը: Եվ հիմա մաքսակետերում ամենայն մանրամասնությամբ զննում են մեքենաները՝ պարզելու համար, թե արդյոք նոր են Հայաստան վերադարձող ավտոմեքենաների անվադողերը: Իսկ եթե հին անվադողով Վրաստան մեկնած վարորդը վերադառնում են նորով, նրանից հատուկ մաքսատուրք է գանձվում:
«Եթե ավտոյի բոլոր անիվները Վրաստանում փոխելու համար մոտ 130 դոլարը բավական էր, հիմա այդքան տալիս ենք Հայաստանից ընդամենը 2 անիվ գնելու համար: Ինչո՞ւ են սեփական քաղաքացիներին ստիպում իրենց թանկ ու առանձնապես անորակ ապրանքը սպառել: Մաքսատուրքն էլ եթե վճարենք, կստացվի գնված անվադողերի համարյա կրկնակի արժեքը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Արմեն Աբրահամյանը, որն օրերս ստիպված գնել է «Մեծ անիվ»-ի անվադողերը՝ յուրաքանչյուրը 40 հազար դրամ արժողությամբ:
Փաստորեն, մաքսակետերում քաղաքացիներին հարստահարում են «Մեծ անիվ»-ի անիվաձեւ կլորիկ բիզնեսը ծաղկեցնելու համար: Եվ դա ամենեւին պատահական չէ. բանն այն է, որ մեր հավաստի տեղեկություններով` «Մեծ անիվ» ընկերության սեփականատերերից է Տամոժնի Գագոն՝ նույն ինքը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Այսպիսով՝ մաքսակետերն օգնում են «Մեծ անիվ»-ին, վերջինս էլ եկամուտներն աջ ձեռքից փոխանցում է ձախ, այնտեղից էլ՝ Տամոժնի Գագոյի գրպանը: Ի դեպ, Հայաստանի անվադողերի շուկայում «Մեծ անիվ» ընկերությունը գերիշխող դիրք է զբաղեցնում. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ «Մեծ անիվ» ընկերության մասնաբաժինն անվադողերի շուկայում 22,18% է:
Ուշագրավ է նաեւ, որ ըստ ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի առաջին կետի՝ ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրք վճարելու որպես ուղեկցող բեռ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել ապրանքներ, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սույն օրենսգրքով սահմանված չէ 0 տոկոս, եւ որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ընդհանուր արժեքը` 150 հազ. դրամը: Ու թեեւ արգելված է անձնական օգտագործման ապրանքներից մաքս գանձել, սակայն մեքենաների անվադողերն ինչ-որ անհասկանալի սկզբունքով հանվել են անձնական իրերի ցանկից:
Հատկապես այս ամիսներին Վրաստան մեկնող մեր քաղաքացիների մեծամասնության նպատակը այնտեղ հանգստանալն է, քանի որ հայաստանյան հանգստավայրերն աստղաբաշխական գումարներ են պահանջում: Մարդիկ լուծումը կարծես գտել էին նաեւ անվադողերի պարագայում, բայց սա արդեն, ինչպես ասում են, հարամվեց: Նույն տրամաբանությամբ գուցե հանգստահա՞րկ էլ կորզեն՝ սկզբում եւ վերջում ստուգելով քաղաքացու արեւայրուքի չափը:
Հ.Գ. Պետեկամուտների կոմիտեին գրավոր հարցում ենք ուղարկել՝ անվադողային այս պատմության շուրջ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: Այն ստանալուն պես կներկայացնենք:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս