Արևմուտքը Թուրքիային հորդորում է բացե՞լ սահմանները. ինչ ակնարկ է արել Անգելա Մերկելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի կապակցությամբ հայտարարել է, որ դա իր գլխավորած Դաշինքին չի վերաբերում, այնուհետ հույս է հայտնել, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն:

Արդյո՞ք սա նշանակում է, որ Արևմուտքը Թուրքիային հորդորում է գնալու հարաբերություների կարգավորման, բացելու սահմանները, մանավանդ, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ պատրաստակամություն հայտնեց ներդրում ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Հարցի պատասխանը գտնելու համար այն դիտարկենք երկու ասպեկտով.

1. Արեւմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական մրցակցություն: Անկասկած, Արեւմուտքը Հարավային Կովկասում ունի իր աշխարհաքաղաքկան շահերը, որոնց համար մրցակցությունը հիմանակնում Ռուսաստանի հետ է:

Այդ շահերի իրացումը հնարավոր է դառնում տարածաշրջանի հետ կապող օղակ ստեղծելով, օրինակ՝ կոմունիկացիաների հասանելիություն, «վստահության շղթա» եւ այլն: Այդ օղակներից, թերևս, կարևորագույնը հայ-թուքական հարաբերություններն ու սահմանն է, որն էլ խոչընդոտ է հանդիսանում ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի համար սեփական աշխարհաքաղաքական կոդերի հստակեցման ու առաջմղման տեսանկյունից: Փակ սահմանը նշանակում է ՀՀ-ՆԱՏՕ գործակցության սահմանափակում, որն այս կամ այն չափով ու ձևով խոչընդոտելու է գործընկերային հարաբերությունների խորացմանը: Իմիջիայլոց, Ստորտենբերգն իր խոսքում հստակ նշել է, որ Հայաստանը գործընկեր է, իսկ Թուրքիան դաշնակից:

Եթե ՆԱՏՕ-ի նպատակը հարաբերությունների կարգավորումն է, ապա դրանք ոչ թե պատահական խոսքեր են, այլ դիվանագիտական ձևակերպումներ, ինչը տվյալ կոնտեքստում նշանակում է դաշնակցի միջոցով ազատ գործընկերային հարաբերությունների խթանում: Բրյուսելում ու Վաշինգտոնում լավ են հասկանում, որ ՆԱՏՕ-ի հետ սահմանների փակ լինելը, Թուրքիան Հայաստանի կողմից որպես անվտանգության սպառնալիք դիտարկվելը, ստիպում են անվտանգության այլ աղբյուրներ փնտրել, ինչից էլ օգտվում է Ռուսաստանը:

Դա ՆԱՏՕ-ի համար բնական խոչընդոտ է առաջացնում տարածաշրջանում աշխարհաքաղաքական պլաններ մշակելու գործի ճանապարհին: Արեւմուտքում այժմ կիրառում են ոչ միայն «անվտանգությնան խորացման», այլև «անվտանգության ընդլայնման» ռազմավարությունը, որով հնարավոր կլինի անվտանգության միջուկը՝ ատլանտիստական բևեռն ու հարակից մայրցամաքային տարածությունը պահել առավել կուռ անվտանգային շրջանակներում:

Հետևաբար, արևմտյան ստրատեգները պետք է փորձեն հնարավորինս փոխել Հայաստանի համար սեքյուրիթիզացիայի՝ անվտանգայնացման (անվտանգության կոնցեպցիա, որը վերաբերում է երկրի անվտանգության հետ կապված գործընթացներին, և ցանկացած հարց դառնում է անվտանգության հարց, եթե այդպիսին է ընկալվում պետության ու ժողովրդի կողմից) բանաձևերը, ինչն էլ հնարավորություն կբացի առաջարկելու անվտանգության այլ կոնցեպցիաներ՝ դրանով փոխելով հայաստանյան իշխանության ու ժողովրդի մոտ սպառնալիքների վերաբերյալ ողջ պատկերացումներն ու ընկալումները:

2. Թուրքիային չնեղացնելու ու դեպի իսլամական աշխարհ կամ Ռուսաստան նրա քաղաքական կուրսի կանխարգելում: Թուրքիան երբեմն Եվրոպային սպառնում է, որ ԵՄ ընտանիք մուտք չունենալու պարագայում ինքը կթեքվի դեպի արևելք, ինչից էլ մտահոգվում են եվրոպացիները, եւ փորձում են այդ երկրին պահել կախյալ վիճակում:

Հայոց ցեղասպանության ճանաչումը եվրոպական ամենահեղինակավոր երկրի կողմից կարող է նեղացնել Անկարային ու խորացնել նրա հիասթափությունը: Բնական է, ՆԱՏՕ-ն, որի անդամ է Թուրքիան, չի կարող այդպիսի սցենալ թույլ տալ, և Դաշինքի ղեկավարի խոսքը կարող է փոքր-ինչ թոթափել լարվածությունը՝ ընդգծելով Թուրքիայի կարևորությունը ՆԱՏՕ-ի և, ընդհանրապես, Արևմուտքի համար:

Ինչևէ, եթե նույնիսկ այս հայտարարությունները Անկարային չգրգռելու համար են, ապա պետք է փաստել, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հարավային Կովկասում ունեն իրենց հետաքրքրություններեն ու շահերը, որոնց իրագործման համար հայ-թուրքական հարաբերությունների հարթեցումը չափազանց կարևոր է: Եվ չի բացառվում, որ, Ցեղասպանության ճանաչումով, Եվրոպան Թուրքիային կոչ է անում վերջնականապես համակերպվել պատմության հետ ու փորձել հարաբերույթյուններ հաստատել Հայաստանի հետ, որը ՆԱՏՕ-ին ընդլայնման համար լրածուցիչ գործիքակազմ կընձեռի:

Արման Սահակյան




Լրահոս