Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արձագանքել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Ինչպես հայտնում է «ԱզերԹԱջ»-ը, Ալիևն այդ որոշումը «քաղաքական պատվեր» է անվանել:
Այս մասին Ալիևը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այդ հարցը քաղաքական կողմ ունի: Հավանաբար, նրանք ցանկանում են ազդեցություն ունենալ Թուրքիայի անկախ քաղաքականության վրա: Հայկական հարցը պատրվակ էր: Ադրբեջանը ևս բախվել է նման իրավիճակի հետ: 2015թ. հունիսի 12-ին Գերմանիայի խորհրդարանը Ադրբեջանի դեմ անարդար, ստի վրա հիմնված բանաձև ընդունեց: Իբր, Ադրբեջանը խախտում է մարդու իրավունքները: Դա սուտ է: Ադրբեջանում ժողովրդավարություն է զարգանում, ապահովված է համացանցում ազատ հասանելիությունը: Այսօր Եվրոպան վիրավորում է խաղաղ ցուցարարներին »,-ասել է Ալիևը:
«Նրանք, ովքեր Ադրբեջանի և Թուրքիայի դեմ նման բանաձևեր են ընդունում, պատմական և քաղաքական մեծ սխալ են թույլ տալիս»,-հավելել է Ադրբեջանի նախագահը: