Սերգո Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզի ագրովերամշակման ոլորտի մի շարք ընկերություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր` ագրովերամշակման ոլորտի մի շարք ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը:
Այցը մեկնարկել է Ցամաքասար համայնքում գործող «Աստղ կաթնամթերքների արտադրության» սպառողական կոոպերատիվից, որի նախագահ Սոս Սարոյանը տեղեկացրել է, որ 32 անդամից բաղկացած կոոպերատիվը զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ, ինչպես նաև կաթի հավաքմամբ, սառնարանային պահպանությամբ և վերամշակմամբ: Կոոպերատիվում կաթի վերամշակման հզորությունը կազմում է տարեկան շուրջ 400 տոննա: 2015 թվականին այստեղ արտադրվել է շուրջ 7 հազար կգ պանիր, 900 կգ կարագ:

Նա նաև նշել է, որ 2015 թվականից «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» դրամաշնորհների միջոցով ձեռք են բերվել պանրի արտադրության սարքավորումներ, որոնք թույլ են տվել կոոպերատիվում նախաձեռնել պանրի արտադրություն: Ներկայումս այստեղ արտադրվում են «Լոռի», «Սուլուգունի» և «Ռոքֆոր» պանրատեսակներ, որոնք իրացվում են տեղական շուկայում: Առաջիկայում նախատեսվում է պանրի իրացման նոր շուկաներ մուտք գործելու շնորհիվ ավելացնել մթերվող կաթի և թողարկվող արտադրանքի ծավալները:
Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Սասունիկ համայնքում տեղակայված գինեգործական «Վան Արդի» ՍՊԸ-ում, որտեղ 9 հեկտարի վրա հիմնականում մշակվում են խաղողի տեղական սորտեր, յուրաքանչյուր հեկտարից տարեկան ստացվում է միջինը 8-10 տոննա բերք: Ընկերությունն արտադրում է չոր, անապակ սպիտակ, վարդագույն և կարմիր գինիներ: Այժմ ընթացքի մեջ են խաղողի այգում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման աշխատանքները: Ընկերության արտադրական հզորությունը կազմում է տարեկան մոտ 50 հազ. շիշ գինի:

Արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է Ռուսաստան, Նիդերլանդներ և Բելգիա: Առայժմ քիչ քանակներով արտահանվել է նաև Անգլիա և Ֆրանսիա, իսկ մինչև տարվա վերջ կարտահանվի ևս երեք նոր շուկաներ: Ընկերությունը հիմնում է խաղողի նոր այգիներ, որի շնորհիվ կավելանան ինչպես գինու արտադրության, այնպես էլ՝ արտահանման ծավալները:
Գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար նախարար Սերգո Կարապետյանն ընկերության հիմնադիր Վարուժան Մուրադյանին պարգևատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով:

Նախարարի վերջին կանգառն Աշտարակում էր, որտեղ նա այցելել է «Փի ընդ Դի Գրուպ» ՍՊԸ, որը հայտնի է «Գուրմէ Դուրմէ» ապրանքանիշով շոկոլադի արտադրությամբ: Ընկերությունը ստեղծվել է 2007թ. հայրենադարձ եղբայրներ Պիեռ և Դիրան Բաղդադյանների կողմից: Ներկայացնելով իրենց արտադրանքը` Պիեռ Բաղդադյանն ընդգծել է, որ ընկերության արտադրանքի մեծ պահանջարկը պայմանավորված է առաջին հերթին Եվրոպայից ներկրվող հումքի բարձր որակով, բացի այդ ամբողջությամբ ձեռքի աշխատանք է: Նա հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել նոր արտադրամաս, որի շնորհիվ կավելանան շոկոլադի արտադրության ծավալները, ինչը թույլ կտա կազմակերպել նաև արտահանման գործընթացը դեպի Ռուսաստան:
Ընկերության հիմնադիր Պիեռ Բաղդադյանը ևս պարգևատրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով:
Ամփոփելով այցի արդյունքները` նախարարը նշել է, որ բոլոր այցելած ընկերությունները իրենց գործունեության կարճ ժամանակահատվածում հասցրել են բավական լուրջ հաջողությունների հասնել և ներկայումս ունեն զարգացման ու առաջընթացի մեծ ներուժ:

«Վերամշակող ճյուղը մեծ հեռանկարներ ունի մեր երկրում, և վստահ եմ, որ առաջիկայում այս ընկերությունները կշարունակեն իրենց ակտիվ գործունեությունը` ավելացնելով արտադրական հզորությունները, մեծացնելով արտադրության ծավալներն ու ընդարձակելով իրենց արտադրանքի տեսականին, իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իր կողմից կաջակցի նման ընկերությունների զարգացմանն ու ընդլայնմանը», – նշել է նախարարը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս