«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները հաստատել են, որ պատրաստ են հունիսին հանդիպել ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով: «Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը հունիսին անցկացնելու բանակցությունների հաջորդ փուլը` նպատակ ունենալով վերսկսելու բանակցությունները համապարփակ կարգավորման շուրջ»,- ասված է համանախագահների հայտարարությունում:
Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից հետո Արցախի իշխանությունները նախագահ Բակո Սահակյանի շուրթերով միանշանակ ազդարարեցին, որ ԼՂՀ խնդրի շուրջ չի կարող արդյունավետ բանակցություն տեղի ունենալ, առանց Արցախի ներկայացուցչի մասնակցության: Թվում էր, թե այդ ամենից հետո ՀՀ իշխանությունները խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները կվերսկսեն միայն Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուց հետո: Բայց ինչպես տեսնում ենք՝ ՀՀ իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, չեն համարձակվում ստեղծված իրավիճակն օգտագործելով՝ պնդել, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ:
Ի դեպ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում եւս մեկ անգամ վերահաստատել է Արցախի դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ. «Մենք միշտ ասում ենք, որ պետք է լիարժեք ձեւաչափը վերականգնվի, պարզապես համապարփակ կարգավորման համար այլ տարբերակ չկա: Բայց դեռեւս Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի մեզ մոտ չվերականգնվի բանակցային գործընթացի ձեւաչափը: Ինչքան ես գիտեմ, եւ հայտարարվել է՝ համանախագահները կրկին փորձելու են հանդիպում կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ: Արցախի մասնակցությունը օրակարգում է, բայց այս հանդիպման ընթացքում Արցախը չի մասնակցելու»,- ասաց Բաբայանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: